Մանաֆորթը հատուկ դատախազի հետ գործարքի շուրջ բանակցություններ է սկսել

09:51   14 Սեպտեմբեր 2018    231

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի նախկին ղեկավար, քաղտեխնոլոգ Փոլ Մանաֆորթը բանակցություններ է սկսել հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի գրասենյակի հետ իր մեղքը ճանաչելու հարցի շուրջ, որպեսզի խուսափի երկրորդ դատավարությունից, հայտնում է BBC-ն:

Նախատեսվում է գործարքի եւ դրա պայմանների մասին հայտնել ուրբաթ՝ սեպտեմբերի 14-ին դատարանում:

Հատուկ դատախազ Մյուլլերը Մանաֆորթին մեղադրանքներ է ներկայացրել 2 քրեական գործերի շրջանակում (քաղտեխնոլոգի փաստաբանները չեն օգտվել դրանք մեկ վարույթում միացնելու իրավունքից): Առաջինը քննվել է Մանաֆորթի բնակության վայրում՝ Ալեքսանդրիայում (Վիրջինիա նահանգ) եւ օգոստոսին ավարտվել է մեղադրական դատավճռով: Երկրորդը կքննվի Վաշինգթոնում, առաջին նիստը նշանակված է մյուս շաբաթ:

Երկրորդ գործով քաղտեխնոլոգին մեղադրում են ԱՄՆ-ի դեմ համաձայնության մեջ մտնելու, ավելի քան 30 մլն դոլար լվանալու, սուտ ցուցմունքներ տալու, ինչպես նաեւ օրենքներին չհետեւելու համար Ուկրաինայի շահերի լոբբինգ կատարելիս եւ որպես Ռեգիոնների կուսակցության ու նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի չգրանցված արտասահմանյան գործակալ աշխատելու համար:

Դեռեւս հայտնի չէ՝ Մանաֆորթն ամբողջությամբ կհամագործակցի՞ քննության հետ եւ հատուկ դատախազին կներկայացնի՞ նրան հետաքրքրող նոր տեղեկություններ, թե՞ դատից հաշված օրեր առաջ (առաջին լսումներն, ըստ էության, նշանակված են սեպտեմբերի 24-ին) միայն կհամաձայնի իրեն ներկայացված ապօրինի լոբբինգի եւ փողերի լվացման մեղադրանքներին:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները