Աշխարհի ամենահարուստ մարդը 2 մլրդ դոլար կտրամադրի անօթևաններին ու կարիքավորներին

11:15   14 Սեպտեմբեր 2018    109

Amazon ընկերության հիմնադիր-ղեկավար Ջեֆ Բեզոսը, որը Forbes հանդեսի վարկածով աշխարհում ամենահարուստ մարդն է, հայտարարել է անօթևան ու անապահով ընտանիքներին 2 մլրդ դոլար հատկացնելու որոշման մասին:

Ինչպես նշում է Reuters-ը, այս նպատակով կհիմնվի Bezos Day One Fund հիմնադրամը, որը մի շարք կազմակերպությունների միջոցով կացարան ու սնունդ կտրամադրի երիտասարդ անօթևան ընտանիքներին:

Մինչդեռ Day 1 Academies Fund հիմնադրամն անապահով համայնքների մանկահասակ ներկայացուցիչների համար նախադպրոցական կրթական հաստատությունների ցանց կհիմնի:

Հայտնի է, որ ավելի քան 160 մլրդ դոլար կարողության տեր Բեզոսը բարեգործությամբ զբաղվելու մտադրության մասին հայտնել էր դեռևս նախորդ տարի՝ ընդգծելով, որ ցանկանում է իր հարստության մի մասը նվիրաբերել:

Աղբյուրը նկատում է, որ չնայած Բեզոսը ֆինանսավորել է քաղցկեղի հետազոտման նախագծեր, ինչպես նաև ներգաղթյալ ուսանողներին կրթաթոշակ է տրամադրել, այնուհանդերձ՝ իր հարստության մեծ մասը միլիարդատերը ներդրել է Blue Origin հրթիռային ընկերությունում:

Սեպտեմբերին սենատոր Բեռնի Սանդերսը Կոնգրեսում ներկայացրել է «Կանգնեցրե՛ք Բեզոսին» կոչվող օրինագիծ, որն Amazon-ի պես ահռելի կորպորացիաների ղեկավարներից պահանջում է կա՛մ ավելի շատ գումար վճարել աշխատողներին, կա՛մ ավելի մեծ ծավալով բարեգործություն անել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները