Քալիֆորնիան հրաժարվում է պլաստիկե ձողիկների օգտագործումից

09:59   21 Սեպտեմբեր 2018    263

Քալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը ԱՄՆ-ում առաջին նահանգապետն է, որն օրինագիծ է ստորագրել ռեստորաններում պլաստիկե ձողիկների օգտագործման սահմանափակման մասին, հայտնում է AP-ն: Օրենքն ուժի մեջ կմտնի 2019 թվականից:

«Պլաստիկը մեր հասարակությանն օգնեց ավելի ժամանակակից դառնալ, սակայն մեկանգամյա օգտագործման արտադրանքով չափից ավելի հրապուրվելը սարսափելի հետեւանքներ ունի»,- ասել է նահանգապետը:

Նոր օրենսդրության համաձայն՝ ռեստորաններին արգելվում է ըմպելիքները մատուցել պլաստիկե ձողիկներով, սակայն մատուցողները կարող են այն տալ հաճախորդի համառ պահանջի դեպքում: Այս տարի ավելի վաղ պլաստիկե ձողիկների օգտագործումից լիովին հրաժարվել էին Սան Ֆրանցիսկո (Քալիֆորնիա նահանգ) եւ Սիեթլ (Վաշինգթոն նահանգ) քաղաքները:

Օրենքին չհետեւելու դեպքում ռեստորանները նախ 2 նախազգուշացում կստանան, սակայն յուրաքանչյուր հաջորդ նախազգուշացման համար նրանք կտուգանվեն 25 դոլարով: Ըստ որում՝ տուգանքի տարեկան չափը 300 դոլարից չպետք է անցնի: Գործակալությունը նշում է, որ օրենքը չի տարածվում արագ սննդի ռեստորանների վրա:

Բարեփոխմանն աջակցող դեմոկրատներն այն քայլ առաջ են համարում համաշխարհային օվկիանոսի աղտոտման դեմ պայքարում: Մինչդեռ հանրապետական օրենսդիրները բարեփոխումը համարում են ռեստորանների համար «անազնիվ պատիժ»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Քալիֆորնիա  


Վերնագիրի այլ պիտակները