Ալկոհոլն աշխարհում ամեն 20-րդ մահվան պատճառն է. ԱՀԿ

20:11   22 Սեպտեմբեր 2018    121

ԱՀԿ-ն հրապարակել է Global status report on alcohol and health 2018-ի նոր զեկույցը, որում ներկայացվել է աշխարհում ալկոհոլի օգտագործման եւ մարդու առողջության վրա ազդեցության ընդհանուր պատկերը:

Փորձագետները հաշվի են առել ոչ միայն ալկոհոլային թունավորումը որպես մահվան պատճառ, այլեւ այն իրավիճակները, երբ սպիրտային խմիչքների օգտագործումը ոչ ուղղակիորեն մահացու ելք է ունեցել. խոսքն օրինակ հարբած վիճակում ստացված վնասվածքների եւ հիվանդությունների մասին է, որոնք առաջացել են դրա չարաշահումից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այսպիսով, ալկոհոլի հետ կապված բոլոր մահացությունների 28 տոկոսը առաջացել է ճանապարհատրանսպորտային պատահարների, ֆիզիկական բռնության եւ անփութության կամ կանխամտածված ինքնավնասման հետեւանքով, 21 տոկոսը՝ մարսողական խանգարումների, 19 տոկոսը՝ սրտանոթային հիվանդությունների պատճառով:

Մնացած 32 տոկոսը ներառում են վարակիչ հիվանդություններ, քաղցկեղ, հոգեկան խանգարումներ: Հարկ է նշել, որ ըստ հետազոտողների, ալկոհոլը պատասխանատու է ավելի քան 200 տարբեր հիվանդությունների եւ խանգարումների զարգացման համար: Բացի այդ, ալկոհոլը չարաշահող մարդիկ այնպիսի վարակիչ հիվանդությունների ռիսկի խմբում են հայտնվում, ինչպիսիք են տուբերկուլյոզը, ՄԻԱՎ-ը եւ պնեւմոնիան:

ԱՀԿ-ի վերջին զեկույցում ներկայացված է 2016 թվականի վիճակագրությունը: 2016-ին գրանցվել է մոտ 3 միլիոն մահացություն ալկոհոլից` այս տարվա բոլոր մահացությունների 5.3 տոկոսը: Համեմատության համար դիտարկենք ՁԻԱՀ-ի եւ ճանապարհատրանսպորտային պատահարների դեպքերից մահերի տվյալները եւ կտեսնենք համապատասխանաբար 1.8 եւ 2.5 տոկոս:

Ըստ էության աշխարհում ամեն 20-րդ մարդը մահացել է ալկոհոլի պատճառով: Եվ նրանց մեկ երրորդը տղամարդիկ են: ԱՀԿ-ի համաձայն, ալկոհոլիզմը բարձր եկամուտ ունեցող երկրների խնդիրն է. Ամենից շատ ակլոհոլ օգտագործողներն ապրում են Եվրոպայում եւ Ամերիկայում: Միջինում օրական այդ մարդիկ խմում են 33 գրամ մաքուր սպիրտ: Սա մոտ 150 մլ երկու բաժակ գինի է կամ մի շիշ գարեջուր:

Չնայած 2010-ից ալկոհոլի գլոբալ օգտագործման 10 տոկոս կրճատմանը, փորձագետները կանխատեսում են, որ հաջորդ 10 տարվա ընթացքում ալկոհոլ օգտագործող մարդիկ ավելի շատ կլինեն: Հատկապես Հարավարեւելյան Ասիայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում եւ Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները