Ինչպես են Պուտինի օլիգարխները ներթափանցել Թրամփի թիմ. Time

09:24   25 Սեպտեմբեր 2018    316

Բրիտանական Time պարբերականի լրագրող Սայմոն Շուստերն ուշագրավ անդրադարձ է արել միջազգային լրատվամիջոցներում ամենաշատը քննարկվող թեմաներից մեկին՝ 2016թ. ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի ենթադրյալ միջամտությանը:

«Ամերիկյան ընտրություններին ռուսական կողմի միջամտության մեջ ամենակարևոր դերը կարող են խաղացած լինել օլիգարխները, որոնց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերածել է հավատարիմ գործակալների խմբի: Կառավարության հետ շահավետ գործարքների կամ պարզապես իշխանությունների պաշտպանության դիմաց այդ միլիարդատերերը կապեր են հաստատել ԱՄՆ-ի ամենաբարձր իշխանական օղակներում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրանք բավականաչափ հեռուն են գնացել, որպեսզի կարողանան ռուսական պետության շահերից ելնելով՝ ազդել ամերիկյան քաղաքականության վրա»,-գրում է Շուստերը՝ մեջբերելով փորձագետներից մեկի տեսակետն առ այն, որ «ռուս օլիգարխները սատկած մկներին Կրեմլ բերող կատուներ են»:

Հեղինակի կարծիքով՝ ի դեմս Թրամփ ընտանիքի ռուս օլիգարխները գտել են լավ զոհերի: Նա հիշեցնում է, որ ռուսաստանցի միլիարդատերերից մեկը 2014թ. Մոսկվայում կայացած միջոցառման ժամանակ ընդունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դստերը՝ Իվանկային, ու նրա ամուսնուն՝ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշներին: Մեկ այլ միլիարդատեր՝ Վիկտոր Վեկսելբերգը կապված է Թրամփի անձնական փաստաբան Մայքլ Քոհենին 2017թ. 500.000 եվրո վճարելու գործի հետ:

Միլիարդատեր Եվգենի Պրիգոժինը ղեկավարել է միլիոնավոր ամերիկացի ընտրողների սոցցանցային լրահոսում թրամփամետ լուրերի առաջխաղացմամբ զբաղվող քարոզչական արշավը: Մինչդեռ չորրորդ մագնատը նախագահական քարոզարշավի ժամանակ հանդիպում է կազմակերպել, որի ժամանակ ռուս փաստաբանը Թրամփի մերձավորներին նրա մրցակից Հիլարի Քլինթոնի դեմ ուղղված վարկաբեկիչ նյութեր է առաջարկել:

«Եվ, իհարկե, եղել է նաև Օլեգ Դերիպասկան, որը տարիներ շարունակ ընկերներ էր փնտրում Վաշինգտոնում ու ի վերջո իր ցանցը գցեց Թրամփի նախընտրական շտաբի նախագահին»,-շարունակել է Շուստերը` մանրամասնելով, որ Կրեմլին օգնող միլիարդատերերի շարքում կարևոր տեղ են զբաղեցնում ՌԴ ամենահարուստ մարդկանցից երեքը՝ Վիկտոր Վեկսելբերգը, Արազ Աղալարովն ու Օլեգ Դերիպասկան: Վերջինը, ըստ հեղինակի, մտերիմ հարաբերություններ է հաստատել Թրամփի նախընտրական շտաբի ղեկավար Փոլ Մանաֆորթի հետ:

«Այս երկուսի միջև համագործակցությունը լայն հնարավորություններ էր բացում Կրեմլի համար: Ամերիկացի լոբբիստը 2005թ. նույնիսկ առաջարկել էր Դերիպասկային ԱՄՆ-ում ու Եվրոպայի մեծ մասում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունների վրա ներազդելու ծրագիր, որի նպատակն էր լինելու Պուտինի կառավարությանն օգուտ տալը:

Հատկանշական է, որ Մանաֆորթի առաջարկած մարտավարություններից մեկը ենթադրում էր ապագա առաջնորդների այնպիսի կադրային կազմ ձևավորել, որ հետագա կառավարություններում նրանց վրա հնարավոր լիներ հույս դնել: Մեկ տարի անց նրանք միասին աշխատում էին մի նախագծի վրա, որն ամբողջովին պետք է փոխեր Եվրոպայի քարտեզը»,-գրում է Շուստերը՝ մանրամասնելով, որ 2006թ. գարնանը Մոնտենեգրոյում Սերբիայից անկախանալու հարցով տեղի ունեցած հանրաքվեն չէր լինի առանց Դերիպասկայի փողերի ու Մանաֆորթի կազմակերպչական ջանքերի»,-նշում է հոդվածագիրը:

Ինչ վերաբերում է Թրամփին, ապա Շուստերի կարծիքով՝ նա, կարելի է ասել, պատահական է այդ ծուղակն ընկել: «Թրամփը տենչում էր Ռուսաստանում բիզնեսով զբաղվել Պուտինի՝ իշխանության գալուց դեռևս շատ ժամանակ առաջ, սակայն քաղաքական հավակնություններն ամեն ինչ այլ հունով են տարել»,-նշում է հեղինակը:

Ինչ վերաբերում է օլիգարխների օգնությանը, ապա Շուստերի կարծիքով՝ նրանց պետք չի եղել հատուկ ցուցումներ տալ, քանի որ նրանք քաջ գիտակցել են, որ Քլինթոնի նկատմամբ Թրամփի հաղթանակին աջակցելու դեպքում կարժանանան Պուտինի շնորհակալությանը:

«Սակայն միջամտության գինը, ինչպես պարզվեց, շատ ավելի բարձր էր նրանց ակնկալածից. օլիգարխներից շատերը բախվեցին այն աստիճան խիստ պատժամիջոցների, որոնց նմանն ԱՄՆ-ն նախկինում երբեք չէր սահմանել անհատ գործարարների նկատմամբ: Արդյունքում՝ միակ հաղթողը դարձավ Պուտինը, որն օլիգարխներին վարժեցնելուց շարունակում է եկամուտ ստանալ»,-եզրափակում է Շուստերը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պուտին   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները