ԱՄՆ-ն չի կարող եվրոպացիների փոխարեն որոշել՝ ում հետ առևտուր անել. Բելգիայի վարչապետ

14:28   26 Սեպտեմբեր 2018    302

ԱՄՆ-ն չի կարող եվրոպական ընկերությունների փոխարեն որոշել՝ ում հետ և որտեղ առևտուր անել և զարգացնել տնտեսական գործունեությունը:

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք չենք կարող համաձայնել նրա հետ, որ ԱՄՆ-ն է որոշում, թե որ տարածաշրջանների հետ եվրոպական ընկերությունները կարող են առևտուր իրականացնել»,- ասել է վարչապետը:

Միշելն արևմտյան առաջնորդներից առաջինն է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում երկկողմ հանդիպում անցկացրել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: 2019 թվականի հունվարից Բելգիան երկու տարով զբաղեցնելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամի աթոռը:

Բելգիայի վարչապետը նշել է, որ իրենք «միամիտ չեն Իրանի և նրա տարածաշրջանային դերի կարևորության հարցում»:

«Միևնույն ժամանակ, իրանական միջուկային էներգետիկան ապամոնտաժելու մասին համաձայնագիրը քաղաքական երկխոսության ճանապարհ է բացում՝ Իրանում աջակցելու համար ուժերին, որոնք ցանկանում են արդիականացնել երկիրը, ամրապնդել տնտեսությունը և որոնք պատրատ են ստանձնել միջուկային դեէսկալացիայի վերաբերյալ պարտավորություններ»,- նշել է Միշելը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները