Աֆղանստանում տասը մարդ է զոհվել տեղի ունեցած պայթյունից

17:40   09 Հոկտեմբեր 2018    271

Տասը մարդ է զոհվել Աֆղանստանի խորհրդարանի պատգամավորի թեկնածուի ընտրական շտաբում տեղի ունեցած պայթյունից, եւս տասը հոգի վիրավորվել են, այդ թվում՝ խորհրդարանի թեկնածուն:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված է Գիլմենդի նահանգի նահանգապետի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

«Մահապարտի հարձակումը հանգեցրել է տասը մարդու մահվան, եւս տասը հոգի վերքեր են ստացել, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորի թեկնածուն (Սալեհ Մոհամադ Աչաքզայը)»,-ասված է հայտարարության մեջ: Մինչդեռ, Tolo News հեռուստաալիքը հաղորդում է 8 զոհվածների եւ 11 վիրավորների մասին: Անցած շաբաթ Աֆղանստանի խորհրդարանի մեկ ուրիշ թեկնածուի նախընտրական հանդիպման ժամանակ էր պայթյուն որոտացել, որը 13 մարդու կյանք խլեց ու վիրավորեց եւս 40 հոգու:

Ահաբեկչական գործողության համար պատասխանատվությունն ստանձնեց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Ինչպես հաղորդվում է, նոր պայթյունը հոկտեմբերի 9-ին տեղի է ունեցել երկրի հարավի Լաշկարգահ քաղաքում (Գիլմենդի նահանգ): 1TV հեռուստաալիքի տվյալներով, խորհրդարանի պատգամավորի հիշատակված թեկնածուն վերքեր է ստացել:

Խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակված են հոկտեմբերի 20-ին, Աֆղանստանում անցկացվելու են երկամյա հետաձգումից հետո, ինչը կապված էր երկրում տիրող անկայուն իրադրության հետ. սկզբում դրանք պլանավորվում էր անցկացնել 2016 թվականին: Վերջին անգամ Աֆղանստանում խորհրդարանական ընտրություններն անցկացվել էին 2010 թվականին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աֆղանստան  


Վերնագիրի այլ պիտակները