Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի ընկերությունները թռչող անվարորդ բեռնատար են մշակում. Nikkei

14:20   12 Հոկտեմբեր 2018    227

Ճապոնական Yamato Holdings տրանսպորտային խոշոր ընկերությունն ամերիկյան Bell Helicopter կորպորացիայի հետ պայմանավորվել Է թռչող անվարորդ բեռնատարի համատեղ մշակման շուրջ:

Ինչպես հոկտեմբերի 12-ին հայտնել Է Ճապոնիայի Nikkei առաջատար գործարար թերթը, մեքենան պետք Է տեղավորի մինչեւ 450 կիլոգրամ բեռ եւ օդում շարժվի 160 կմ/ժ արագությամբ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պլանների համաձայն, թռչող բեռնատարները գնորդների համար հասանելի կլինեն 2020-ական թվականների կեսերին: Դրանց մշակումը կապված Է առաջին հերթին Ճապոնիայում տրանսպորտի ոլորտում բանվորական ձեռքերի աճող անբավարարության հետ:

Թերթը նշում Է, որ 2019 թվականի օգոստոսին կանցկացվեն այդ մեքենայի՝ մեկուկես մետր երկարությամբ փոքրացված նախատիպի առաջին փորձարարական թռիչքները: Այն կփոխադրի 30 կիլոգրամ բեռ: Թռչող բեռնատարը նախագծում են կոնվերտոպլանի սկզբունքով. այն ուղղահայաց թռիչքներ եւ վայրԷջքներ կկատարի ինչպես ուղղաթիռը, իսկ այնուհետեւ հորիզոնական կշարժվի ինչպես ինքնաթիռը: Նման մանյովրները նրան թույլ կտան կատարել չորս պտուտակները, որոնք փոխում են իրենց դիրքը:

Bell Helicopter-ը, ինչպես հաղորդվում Է, կստանձնի այս նախագծի ավիացիոն մասը, իսկ Yamato Holdings-ը կմշակի այն ավտոմատ խցիկը, որն առանց մարդու մասնակցության կընդունի բեռները, դրանք կտեղավորի ավտոմեքենաներում, երկաթուղային վագոններում կամ պահեստաշենքերում: Ներկայում Ճապոնիայի առանձին կառավարական գերատեսչություններ արդեն ստեղծել են փորձագետների խորհուրդ, որոնք կոչված են մշակելու նմանօրինակ սարքերի օգտագործումը կարգավորող օրենսդրություն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ճապոնիա   ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները