Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա

20:23   12 Հոկտեմբեր 2018    163

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նորընտիր գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի ամփոփիչ ասուլիսին շնորհակալություն հայտնեց Հայաստանին բարձր մակարդակով ընդունելություն կազմակերպելու համար:

«Հայաստանում գտնվելու օրերին ամենուր ջերմ մթնոլորտ էր, գեղեցիկ ժպիտներ էին թե՛ մեր աշխատանքային վայրում, թե՛ դրսում: Մարդկանց հետ շփումն ուղղակի հաճելի էր, Հայաստանից կգնանք շատ լավ հիշողություններով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտեց նա, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Խոսելով իր առաջիկա անելիքների մասին՝ Լուիզ Մուշիկիվաբոն ասաց, որ ինքը չի գալիս Ֆրանկոֆոնիայում հրաշքներ գործելու համար: «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունն արդեն շատ վաղուց գոյություն ունի: Ես վստահ եմ, որ մեր կազմակերպությունը գտնվում է ճանապարհների խաչմերուկում: Այսօր ապրում ենք անկանխատեսելի աշխարհում, սակայն կան մեր կազմակերպությունն առաջ տանելու մեծ հնարավորություններ: Պետք է ջանք գործադրել, որ մեր կազմակերպությունը լինի այնտեղ, որտեղ պետք է լինի»,- ընդգծեց նա:

Տարբեր տարիներին ՖՄԿ գլխավոր քարտուղարներն իրենց պաշտոնավարման ժամանակ զգալի աշխատանք են կատարել, սակայն Լուիզ Մուշիկիվաբոն վստահ է, որ հնարավոր է ավելին անել:

«Հաջորդ տարվա սկզբից պետք է սկսեմ իմ գործունեությունը. մինչ այդ մտածելու, խորհելու հավաքված գաղափարներն ամփոփելու ժամանակ ունեմ: Պետք է փորձեմ էլ ավելի բարելավել աշխատանքը: Ես Ռուանդայից եմ, բայց ես աշխարհի քաղաքացի եմ: Ֆրանկոֆոնիայի ընտանիքը զարգանալու մեծ հնարավորություններ պետք է ունենա՝ շոշափելի նպաստ բերելով ընդհանուր գործին»,- հավելեց նա:

Լուիզ Մուշիկիվաբոն կարևորեց երիտասարդների հետ աշխատանքը: Նա նշեց, որ երիտասարդներին ուղղված շատ տարբեր ծրագրեր կան, սակայն տարբեր հանդիպումներում պարզ է դառնում, որ նրանց հանդեպ կազմակերպությունը պարտականություն ունի: «Ես բոլոր երիտասարդներով եմ հետաքրքրվելու: Փորձելու եմ հանդիպել ու վեր հանել այն տաղանդներին, որոնք կան մեր կազմակերպության ներսում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռուանդայի արտաքին գործերի նախարար Լուիզ Մուշիկիվաբոն ընտրվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար:

Hayatsk.info

Աշխարհ, ՖՄԿ

Հեշթեգներ:


Վերնագիրի այլ պիտակները