Ս. Արաբիայի արքայազնը հերքել է լրագրողի անհետացման հետ կապ ունենալու լուրերը

10:39   17 Հոկտեմբեր 2018    278

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդի հետ՝ կապված Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն մուտք գործելուց հետո անհայտ կորած սաուդացի հայտնի ընդդիմադիր լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաաշկղիջիի գործի հետ:

Twitter-ի իր պաշտոնական էջում Թրամփը տեղեկացրել է, որ արքայազնը նախօրեին հանդիպել է Սաուդյան Արաբիա ժամանած ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ:

ԱՄՆ նախագահի հետ ունեցած հեռախոսազրույցում արքայազնը նշել է, որ ինքը որևէ տեղեկություն չունի լրագրողի հետ պատահածի վերաբերյալ և հերքել է միջադեպին իր միջամտության վարկածները:

Սաուդյան Արաբիայից հետո ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն նույն գործի վերաբերյալ քննարկումների համար մեկնում է Թուրքիա:

Թուրքական ոստիկանության վարկածի համաձայն՝ սաուդացի լրագրողը սպանվել է հյուպատոսության շենքի ներսում:

Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը հերքում է սպանության վարկածն ու շարունակում պնդել, որ լրագրողը դուրս է եկել շենքից ու կորել դրանից հետո միայն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ խոստացել է, որ «խիստ պատիժ կկիրառի այն դեպքում, եթե պարզվի, որ լրագրողի անհետացման հետևում կանգնած է հենց Սաուդյան Արաբիան:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թրամփ   Մուհամեդ-բեն-Սալման  


Վերնագիրի այլ պիտակները