ՉԺՀ-ում ձերբակալված Ինտերպոլի նախկին նախագահի կինը վստահ չէ, որ նա ողջ է. BBC

14:41   19 Հոկտեմբեր 2018    194

Ինտերպոլի նախկին նախագահի կինը՝ Գրեյս Մենը, կասկածում է, որ Չինաստանում կաշառակերության կասկածանքով ձերբակալված իր ամուսինը ողջ է:

Այդ մասին նա պատմել է հեռուստառադիոհաղորդումների BBC կորպորացիային տված հարցազրույցում, որը հրապարակվել է հոկտեմբերի 19-ին:

Ինտերպոլի նախկին նախագահ եւ ՉԺՀ-ի հանրային անվտանգության փոխնախարար Մեն Հունվեյը Չինաստան է մեկնել սեպտեմբերի վերջին եւ այն ժամանակվանից կապի մեջ չի մտել ընտանիքի հետ: Ավելի ուշ Չինաստանի իշխանությունները հայտնել են նրա ձերբակալման մասին:

«Կարծում եմ՝ դա քաղաքական հետապնդում է: Ես վստահ չեմ, որ նա ողջ է»,-հայտարարել է Գրեյս Մենը: Մեն Հունվեյի կինը նաեւ պատմել է, որ ինքը հեռախոսազանգեր է ստացել՝ սպառնալիքներով: Անհայտ մի տղամարդ Մենին նախազգուշացրել է, որ «երկու խումբ» հետեւում է նրան Ֆրանսիայում, որտեղ կինն ապրում է իր երեխաների հետ:

«Ես խիստ զարմացած էի: Ինչո՞ւ եմ թիրախ դարձել»,-մեկնաբանել է նա հեռախոսազանգը: Հոկտեմբերի 7-ին Չինաստանի իշխանությունները հաստատել են օրենքի խախտման կասկածանքով 64-ամյա Մեն Հունվեյի ձերբակալման փաստը: Նրա գտնվելու վայրը եւ այլ մանրամասնություններ չեն բացահայտվում: Հաջորդ օրը ՉԺՀ-ի հանրային անվտանգության նախարարությունը հայտնել է, որ Ինտերպոլի նախկին նախագահը կասկածվում է կաշառակերության եւ այլ հանցագործությունների մեջ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ինտերպոլ  


Վերնագիրի այլ պիտակները