Հայտնաբերվել է կործանված Boeing 737 MAX 8 ինքնաթիռի երկրորդ շարժիչը

20:24   07 Նոյեմբեր 2018    118

Ինդոնեզիայում երեքշաբթի՝ նոյեմբերի 6-ին, գտնվել և Ջակարտա է տեղափոխվել օրեր առաջ կործանված Boeing 737 MAX 8 ուղևորատար ինքնաթիռի երկրորդ շարժիչը:

Գործակալության տվյալներով՝ ջրասուզակները հայտնաբերել են շարժիչը ջրի մակերևույթից 30 մետր խորության վրա: Միաժամանակ հայտնաբերվել են նաև զոհվածներից 20-ի դիերը, ինչպես նաև ինքնաթիռի տարբեր մասերի բեկորներ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նշվում է, որ հայտնաբերված բեկորները հանձնվել են Տրանսպորտի անվտանգության ազգային հանձնաժողովին, իսկ դիերը տեղափոխվել են ինդոնեզական ոստիկանական հիվանդանոց:

Հիշեցնենք, որ Lion Air ավիաընկերության Boeing 737 MAX 8 օդանավը Ջակարտայի օդանավակայանից մեկնելուց 13 րոպե անց անհետացել էր ռադարների էկրանից, ավելի ուշ հաղորդվել է, որ այն ընկել է ծովը Ճավա կղզու արևմտյան ափերի մոտ: Օդանավն ուղևորվում էր ինդոնեզական Պանկալպինանգ քաղաք:

Ինդոնեզիայի ափերի մոտ ուղևորատար օդանավի կործանման հետևանքով ողջ մնացածներ չկան: Այս մասին հայտնում է այնտեղի արտակարգ պատահարների հաղթահարման հարցերով ազգային գործակալության ներկայացուցիչը:

Օդանավում, ըստ վերջին տվյալների, գտնվել է 189 մարդ: Տարվում են որոնողափրկարարական աշխատանքներ:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ   Ինդոնեզիա  


Վերնագիրի այլ պիտակները