ԱՄՆ ընտրություններն ու աշխարհը. արդյունքներ, ազդեցություն

09:49   08 Նոյեմբեր 2018    399

ԱՄՆ կոնգրեսական ընտրություններում նախնական տվյալներով Սենատում հաղթել են հանրապետականները, իսկ Ներկայացուցիչների պալատի ընտրություններում` դեմոկրատները:

Այս առիթով լրատվամիջոցները հրապարակել են հնարավոր զարգացումների սցենարներ, որոնք կարող են տեղի ունենալ ԱՄՆ-ում, երկրի արտաքին քաղաքականությունում եւ ամբողջ աշխարհում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Financial Times-ում կանխատեսվում է, որ Թրամփը, ունենալով Սենատում հանրապետականների աջակցությունը, դժվար թե Չինաստանի հետ առեւտրային պատերազմում հիմք ընդունի ոչ միանշանակ գնահատականը: Ներկայացուցիչների պալատում դեմոկրատ մեծամասնության շնորհիվ կարող է մեղմացվել էմիգրանտների նկատմամբ վարվող քաղաքականությունը: Հակառուսական քաղաքականությունը կարող է խստանալ, ինչպես նաեւ՝ Թրամփը կարող է էլ ավելի սուր քննադատվել Սաուդյան Արաբիայի հետ սերտ հարաբերությունների համար:

Politico.eu-ն գրում է, որ անկախ ընտրությունների արդյունքներից` Թրամփը կպահպանի իր իշխանությունն ու գործելաոճը, քանի որ ԱՄՆ նախագահի լիազորությունները թույլ են տալիս միայնակ կայացնել այնպիսի որոշումներ, որոնք Եվրոպային եւ մյուս երկրներին ամենաշատն են անհանգստացնում. դրանք վերաբերում են արտաքին քաղաքականությանը, առեւտրին եւ պաշտպանության ոլորտին:

Թրամի իրավասության մեջ է մտնում միջազգային համաձայնագրերից դուրս գալը, երկկողմ բանակցություններ վարելը եւ արտասահմանում ԱՄՆ-ի առաջնահերթությունները վերափոխելը` ըստ իր հայեցողության: Կոնգրեսը չի կարող նրան ստիպել, որ դեմոկրատներ նշանակվեն դիվանագիտական այն թափուր պաշտոններում, որոնցով իրականացվում է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը: Ուստի ընտրությունների արդյունքները չեն կարող ազդել Թրամփի, հետեւաբար նաեւ` ԱՄՆ-ի դիրքորոշման վրա` ուղղված ՄԱԿ-ին, ՆԱՏՕ-ին եւ այլ երկրների:

Bloomberg-ում Աին Քուինը եւ Աննա Անդրիանովան գրում են, որ ընտրությունների արդյունքները կարեւոր են հատկապես Ռուսաստանի համար, քանի որ դեմոկրատների մեծամասնության պարագայում Ռուսաստանի դեմ նախատեսվող պատժամիջոցների նոր փաթեթը կարող է շատ ավելի կոշտ լինել, քանի որ նրանց կարծիքով` Ռուսաստանը Ամերիկայի անվտանգության ամենամեծ սպառնալիքն է:

Bloomberg Opinion-ի հեղինակներից Ալբերտ Հանթի կարծիքով էլ դեմոկրատների հաղթանակը Ներկայացուցիչների պալատում խիստ կարեւոր զենք է, որի օգնությամբ Թրամփի նկատմամբ հետաքննությունը կարող է վերջապես ավարտին հասնել: Դեմոկրատներին հասանելի կդառնա Թրամփի` Ռուսաստանի հետ կապերի, կառավարության կասկածելի քայլերի, ինչպես նաեւ Սաուդյան Արաբիայի հետ ունեցած խոր հարաբերությունների մասին հսկայական տեղեկություն:

The New York Times-ում Ռոս Դութաթը գրում է, որ դեմոկրատների հաղթանակով վերջ կդրվի վերջին 2 տարվա քաոսային վիճակին: Ներկայացուցիչների պալատը հնարավորություն կստանա հետաքննել Թրամփի կասկածելի գործերը, մինչդեռ Սենատը կշարունակի հաստատել նախագահի նշանակած պահպանողական դատավորներին:

Haaretz իսրայելական լրատվամիջոցում Reuters-ի եւ Դեյվիդ Ուեյդ-ի համատեղ հրապարակած հոդվածում կրկին մատնանշվում է ԱՄՆ նախագահի կարեւորությունը. նախկինում եւս ԱՄՆ նախագահների քաղաքական ուժերը միջանկյալ ընտրություններում հաղթանակ են տարել, եւ ԱՄՆ նախագահները ցույց են տվել, որ արտաքին քաղաքականությունը հենց նախագահն է իրականացնում: Սակայն Թրամփը ստիպված կլինի փոխել իր տոնը Ռուսաստանի հետ, երբ նոյեմբերի 11-ին հանդիպի Պուտինի հետ, ավելին՝ նոյեմբերի 30-ին G20-ի նիստում Թրամփը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել, որպեսզի Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ հարաբերությունները կարգավորվեն, եւ առեւտրային պատերազմը հանդարտվի:

Իսկ ամերիկյան CNBC լրատվամիջոցի կարծիքով` ընտրությունների արդյունքները որեւէ կերպ չեն ազդի Չինաստանի հետ ԱՄՆ առեւտրային պատերազմի վրա, քանի որ թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները հակված են Չինաստանի առեւտրային եւ մտավոր սեփականության քաղաքականության նկատմամբ ավելի խիստ դիրքորոշման: Եվ Թրամփի` «Առաջին հերթին` Ամերիկան» դիրքորոշումը որեւէ փոփոխություն չի կրի:

Associated Press-ը հայտնում է, որ Կրեմլը անհանգստացած չէ ընտրությունների արդյունքներով, քանի որ ԱՄՆ-ի հետ հարաբերություններն այսպես թե այնպես վատ են: Իսրայելում կարծում են, որ Պաղեստինյան հակամարտության լուծման համար Թրամփն այժմ առավել հակված կլինի դիմելու միջազգային դիվանագիտությանը: Ճապոնիայի պաշտոնյաները կարծում են, որ ընտրությունների արդյունքում որեւէ փոփոխություն տեղի չի ունենա ԱՄՆ-ի հետ ունեցած կայուն հարաբերություններում: Չինաստանի կարծիքով ԱՄՆ-ի տնտեսական հարաբերություններն իր հետ այնքան կարեւոր են, որ ամերիկյան բոլոր քաղաքական ուժերն էլ հակված կլինեն համագործակցության:

Նշվում է, որ ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակը կարող է հայելային ազդեցություն ունենալ Մոսկվայի, Պեկինի եւ նույնիսկ Էր-Ռիադի վրա, քանի որ դեմոկրատները կոգեւորվեն ազատական գաղափարախոսության հաղթանակով եւ ավելի մեծ թափով կտանեն իրենց պայքարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Ընտրություններ  


Վերնագիրի այլ պիտակները