Ստատուս քվոն անընդունելի է․ ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչ

09:36   09 Նոյեմբեր 2018    445

ԱՄՆ-ն մեծապես կարևորում է ԵԱՀԿ տարածաշրջանում հակամարտությունների, այդ թվում և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Եվ այդ պատճառով վերջին շաբաթների ընթացքում Միացյալ Նահանգներն այնպիսի բարձրաստիճան պատվիրակների ուղարկեց Հայաստան ու Ադրբեջան, ինչպիսիք են Ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը և փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում ասել է ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնակատար Գրեգորի Մակրիսը:

«Միացյալ Նահանգները համաձայն է այն տեսակետին, որ այս հակամարտությունը չի կարող ռազմական կարգավորում ունենալ: Ստատուսքվոն անընդունելի է: Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել աշխատանքը կողմերի հետ՝ հանուն տևական ու խաղաղ հանգուցալուծման, որը հիմնված կլինի ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքների վրա՝ ինչպես նշվում է Հելսնիկյան եզրափակիչ ակտում»,- հայտարարել է Գրեգորի Մակրիսը:

Նա ընդգծել է, որ որպես համանախագահ երկիր՝ Միացյալ Նահանգները ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գործունեությունը՝ վերահաստատելով իր ամուր աջակցությունը նրանց աշխատանքին:

Մակրիսը նշել է, որ Վաշինգտոնին ոգևորել են երկու երկրների ղեկավարների ու արտգործնախարարների մակարդակով վերջին կառուցողական շփումները: «Այս շփումները ուղղակի ու դրական դիվիդենտներ են տալիս: Թե՛ երեք համանախագահները, թե՛ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հաղորդել են, որ վերջին երկու ամիսներին շփման գծում և հակամարտությունից տուժած գոտիներում բռնության նվազեցում է նկատվում: Կողմերը պետք է օգտվեն ընձեռնված հնարավորությունից՝ գտնելու ուղիներ հակամարտության կարգավորումն առաջ մղելու համար»,- շեշտել է նա:

Գրեգորի Մակրիսն ընդգծել է, որ համանախագահները կողմերին առաջարկել են լարվածության թուլացման ու հաղորդակցման բարելավման մի քանի քայլեր, որոնց ԱՄՆ-ն լիակատար աջակցություն է ցուցաբերում: Նա համոզմունք է հայտնել, որ արտգործնախարարների միջև հանդիպումները կարող են դրական ազդեցություն գործել առաջարկված միջոցները կյանքի կոչելու գործում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԵԱՀԿ   Լեռնային-Ղարաբաղի-հակամարտություն  


Վերնագիրի այլ պիտակները