Փարիզում հանդիսավորությամբ նշում են 1-ին համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակը

20:41   11 Նոյեմբեր 2018    196

Նոյեմբերի 11-ին Փարիզում անցկացվում են Առաջին համաշխարհային պատերազմի ավարտի 100 ամյակին նվիրված միջոցառումներ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով «օտար ԶԼՄ»-ին, ընդհանուր առմամբ, ֆրանսիական մայրաքաղաք են այցելել աշխարհի պետությունների մոտ 70 պատվիրակություններ եւ ղեկավարներ։

Հանդիսությունների բացումը սկսվել է Հաղթական կամարի մոտ՝ տեղեկան ժամանակով 11։00։ Հենց այդ ժամին ղողանջել են Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերը։ Ընդ որում, այդ ժամը խորհրդանշական է՝ 1918թ․ նոյեմբերի 11-ին, ժամը 11։00 ուժի մեջ է մտել ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը, որ դաշնակիցների եւ Գերմանիայի միջեւ ստորագրվել էր Կոմպյեն քաղաքի մոտ գտնվող անտառում։

Միջոցառումը սկսվել է նախագահ Էմանուել Մակրոնի ելույթով։ Նա աշխարհի առաջնորդներին կոչ է արել միավորվել «խաղաղության համար համատեղ պայքարում»։ «Ավելի լավ է հույսեր ստեղծենք, քան օգտագործենք միմյանց հանդեպ վախերը»,- ընդգծել է Մակրոնը։ Նրա ելույթին հետեւել է ռազմական շքերթ, ինչպես նաեւ՝ թատերական ներկայացում։ Արարողությանը հրավիրվել էր ավելի քան 3400 մարդ, այդ թվում՝ Ֆրանսիայի եւ դաշնակիցների զինված ուժերի վետերաններ։

Հանդիսություններին այլ բարձրաստիճան հյուրերի թվում ներկա էին ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, ՌԴ եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Դոնալդ Թրամփը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Երբ ԱՄՆ նախագահի շարասյունը շարժվել է Հաղթական կամարի ուղղությամբ, նրա ավտոմեքենայի առջեւ հայտնվել է Femen-ի ակտիվիստուհի, ում կրծքին գրված է եղել «Fake peacemaker» (կեղծ խաղաղարար):

Ոստիկանները կնոջը կալանավորել են։ Այսօր Ֆրանսիայի մայրաքաղաքում անվտանգության միջոցառումներն ուժեղացված են՝ Հաղթական կամարի շուրջ տարածքը փակ է անցորդների համար, իսկ կենտրոնի մի շարք թաղամասեր՝ ավտոմեքենաների համար։

Hayatsk.info

Հեշթեգներ: Փարիզ   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները