Ինչպե՞ս Իրանի հետ նոր համաձայնագիր կնքել. փորձագետ

09:00   15 Նոյեմբեր 2018    722

ԱՄՆ-ն կենտրոնացել է Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու վրա, սակայն ավելի արդյունավետ կլինի դրանց թուլացումը:

Այս մասին Bloomberg-ում գրում է Իրանի և Եվրոպայի միջև բիզնես դիվանագիտության Bourse & Bazaar կոչվող ընկերության հինադիր Էսֆանդյար Բաթմանղելիջը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հեղինակը գրում է, որ ԱՄՆ-ն Իրանից պահանջում է դադարեցնել իր բալիստիկ հրթիռների ծրագիրը, չաջակցել Միջին Արևելքի զինյալներին, ինչպես նաև՝ ավելի խիստ պարտավորություններ ստանձնել միջուկային ծրագրի վերաբերյալ, քան նախատեսված էր 2015-ի միջուկային համաձայնագրով: ԻԻՀ-ի նախագահ Հասան Ռոուհանին էլ պահանջում է ԱՄՆ-ից դադարեցնել պատժամիջոցների կիրառումը և վերադառնալ 2015-ի միջուկային համաձայնագրի պարտավորություններին:

«Իրանի շարքային քաղաքացիների համար, սակայն, սա կարող է չափազանց վերամբարձ թվալ, քանի որ նրանք գրեթե ոչ մի շոշափելի արդյունք չէին տեսել Իրանի միջուկային համաձայնագրից»,- գրում է Բաթմանղելիջը: 2018-ին անցկացրած հետազոտության արդյունքներով` հարցվողների 79%-ն ասել է, որ իրենց ընկերությունները նախորդ երկու տարիներին հետաձգել են շուկա մուտք գործելու ծրագրերը:

Բացի նրանից, որ համաձայնագրի կնքումից հետո արտասահմանյան ընկերությունները համագործակցության նոր հնարավորություններ էին փնտրում, մինչ այդ եղած պատժամիջոցների ազդեցությունը դեռևս մնում էր ակնհայտ: Այս տարվա հունվարին, երբ դեռ ԱՄՆ-ն համաձայնագրից դուրս չէր եկել, Իրանում անցկացրած հարցումներում մարդկանց մեծ մասն ասել էր, որ ԱՄՆ-ն ամբողջությամբ չի դադարեցրել պատժամիջոցները:

Իսկ դա, ըստ հեղինակի, չի արդարացնի ԱՄՆ-ի հույսերը, թե իր պատժամիջոցների հետևանքով իրանցիները կստիպեն իրենց իշխանություններին զիջումների գնալ: Բացի այդ, վերջին իրադարձություններից հետո Իրանում ո՛չ իշխանությունները, ո՛չ էլ բնակչությունը չեն հավատում, որ ԱՄՆ-ն հավատարիմ կլինի իր ստանձնած որևէ պարտավորության:

Նա առանձնացնում է երեք ուղղություն, որոնցով ԱՄՆ-ն պետք է աշխատի, որպեսզի վերադիրքավորումը հնարավոր պարգև դիտվի: Առաջինը` ԱՄՆ-ն պետք է ծրագիր մշակի, որով կվերացնի պատժամիջոցների թողած հոգեբանական հետևանքները` հատկապես թիրախային երկրի հետ առևտրային հարաբերություններ հաստատելու վախը:

Երկրորդը` ԱՄՆ-ն պետք է տվյալ երկրին ապահովի անհրաժեշտ գործիքակազմով, խորհրդատվությամբ և միջոցներով, որպեսզի վերջինս կարողանա հաղթահարել ճգնաժամը և դուրս գալ տնտեսական շրջափակումից: Եվ երրորդ` ԱՄՆ-ն կարող է և պետք է օգնության ծրագրեր մշակի հասարակության` պատժամիջոցներից ամենաշատ տուժած շերտի` աղքատների համար: Եվ այս նպատակների համար նոր թիմեր պետք է կազմվեն, նոր բաժիններ բացվեն ԱՄՆ պետական գանձարանում, պետդեպարտամենտում, առևտրի նախարարությունում, հավանաբար` Կոնգրեսի կողմից հատուկ ֆինանսավորմամբ:

Փորձագետի կարծիքով` այժմ այս ամբողջը գրեթե անհավանական է. Թրամփի հռետորաբանությունից հասկանալի է, որ իր վաչակազմը գոհ է ներկա իրավիճակից, հատկապես որ նախագահը քաղաքական, իսկ ԱՄՆ-ն` տնտեսական հետևանքներ չի կրում: Սակայն երբ ԱՄՆ հաջորդ նախագահը(ները) որոշեն ուղղել Թրամփի թույլ տված սխալները, նրանք նախ ստիպված կլինեն ապացուցել, որ դա իսկապես հնարավոր է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Քաղաքականություն  


Վերնագիրի այլ պիտակները