Միլիարդատեր Թոմ Սթեյերը չի առաջադրվի ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար. NYT

14:23   10 Հունվար 2019    366

Միլիարդատեր Թոմ Սթեյերը, որն առնվազն 20 մլն դոլար է ծախսել, փորձելով հասնել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնազրկմանը, հայտարարել է, որ 2020 թվականի ընտրությունների ընթացքում չի մասնակցելու Սպիտակ տան համար պայքարին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել էNew York Times թերթը:

Անցյալ տարվա հոկտեմբերին դեմոկրատ Սթեյերը հայտարարել էր արշավ սկսելու մասին, որի նպատակը Թրամփի պաշտոնազրկմանը հասնելն էր: Այն սկսվել էր ԱՄՆ-ի բոլոր նահանգներում հեռուստատեսային հոլովակի ցուցադրմամբ, որում պնդվում էր, որ ներկայիս նախագահը «երկիրը հասցրել է միջուկային պատերազմի եզրին», «խանգարել է արդարադատության գործունեությանը», ինչպես նաեւ, «խախտելով Սահմանադրությունը, փող է ստացել օտարերկրյա կառավարություններից եւ սպառնացել փակել ճշմարտությունը հայտնող ԶԼՄ-ները»:

ԱՄՆ-ի քաղաքական մեկնաբաններից շատերը կարծում էին, որ Farallon Capital ներդրումային ֆիրմայի հիմնադիր 61-ամյա Սթեյերը կհայտարարի 2020 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին: Ինչպես տեղեկացնում է հրատարակությունը, վկայակոչելով աղբյուրներ, վերջին ամիսներին միլիարդատերն ակտիվորեն պատրաստվում էր հայտարարել Սպիտակ տան համար պայքարին մասնակցելու մասին, աշխատակիցներ էր հավաքում իր ապագա շտաբի համար եւ նույնիսկ նախընտրական արշավի մենեջեր էր նշանակել:

Սակայն արդյունքում Սթեյերն իր օգնականներին հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրելու բարձրագույն պետական պաշտոնի համար, եւ դրա փոխարեն կկենտրոնանա Թրամփի պաշտոնազրկման հասնելու փորձերի վրա, նշում է թերթը: Նրա տվյալներով՝ միլիարդատերը պատրաստ է գալիք տարի առնվազն 40 մլն դոլար ծախսել դրա վրա:

Սթեյերը, որը հանրապետական Թրամփի հայտնի հակառակորդն է, ավելի քան 90 մլն դոլար է ծախսել 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուին աջակցելու համար: Եվս մոտավորապես 30 մլն դոլար նա անցյալ տարի ծախսել է Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների ընթացքում դեմոկրատներին աջակցելու վրա: Forbes-ի տվյալներով՝ Սթեյերի ֆինանսական կապիտալը գերազանցում է 1,6 մլրդ դոլարը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները