Ստրասբուրգում որոշվել են Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի թեկնածուները

15:55   10 Հունվար 2019    256

Եվրոպայի Խորհրդում որոշել են կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի թեկնածուներին։

Դրանք են՝ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը եւ Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսը:

ԵԽ-ում РИА Новости-ին հաստատել են, որ դեռեւս երկու անձինք են հավակնում գլխավոր քարտուղարի պաշտոնին:

Բելգիայի արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսը հաստատել է, որ իր թեկնածությունն է առաջադրել Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնում: Ավելի վաղ VRT հեռուստառադիոընկերությունը, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Ռեյնդերսը կարող է հավակնել Եվրոպայի Խորհրդի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնին: Նախարարի մամուլի ծառայության ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը` առանց հստակեցնելու այլ մանրամասներ:

Բելգիայի ԱԳՆ ղեկավարը վերջին տարիներին բազմիցս այցելել է Ռուսաստանի Դաշնություն, ներառյալ անցյալ տարի ամռանը Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղարկության շրջանակներում։ Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ իր հայտարարություններում նա, ընդհանուր առմամբ, հանդես է եկել երկխոսության շարունակման եւ ամենադժվարին խնդիրների լուծման անհրաժեշտության դիրքերից:

Դեկտեմբերի վերջին մի շարք ԶԼՄ-ներ հաղորդեցին, որ Լիտվայի կառավարությունը որոշել է առաջարկել ԵԽ գլխավոր քարտուղարի պաշտոնում Լիտվայի նախկին վարչապետ Անդրիուս Կուբիլիուսին: Իր ֆեյսբուքյան էջում նա գրել էր, որ Ղրիմի օկուպացիայից հետո Ռուսաստանն ու Եվրախորհուրդը առանձնահատուկ փոխհարաբերությունների մեջ են, եւ դա կլինի կարեւոր գործոններից մեկը՝ գլխավոր քարտուղարի շուրջ հետագա քննարկմանը: Միեւնույն ժամանակ, Մոսկվան նախկինում բազմիցս հայտարարել է, որ Ղրիմի բնակիչները ժողովրդավարական ճանապարհով, միջազգային իրավունքին եւ ՄԱԿ-ի կանոնադրությանը լրիվ համապատասխան են կողմ քվեարկել Ռուսաստանի հետ վերամիավորմանը:

Եվրախորհրդում գործակալության զրուցակիցներից մեկը պարզաբանել է, որ «պաշտոնին թեկնածուների դիմումի ներկայացման վերջնաժամկետը պետք է ավարտվի Ստրասբուրգի ժամանակով 18․00-ին: Մեկ այլ հարցազրույցի մասնակից ասել է, որ «տեսականորեն եւս ինչ-որ մեկը կարող է թեկնածու լինել, բայց դա քիչ հավանական է»:

Ռուսական կողմը դեռեւս ոչ մի կերպ չի արձագանքել առաջադրված թեկնածուներին: Դրա հետ մեկտեղ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Եվրոպայի Խորհրդի միջեւ հարաբերությունների համար ճշմարտության պահը կգա 2019թ. հունիսին, երբ կընտրվի կազմակերպության գլխավոր քարտուղարը: Այժմ գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնում է նորվեգացի Թուրբյորն Յագլանդը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ստրասբուրգ  


Վերնագիրի այլ պիտակները