Նավթի համաշխարհային գները նվազում են

12:45   11 Հունվար 2019    335

Նավթի համաշխարհային գները նվազում են նախորդ 9 սեսիաների արդյունքներով վերելքից հետո եւ շաբաթը փակում են 2 տարում ամենազգալի աճով:

Լոնդոնյան ICE Futures բորսայում ժամը 8:15-ին Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց կազմում է 61,51 դոլար, ինչը 0,17 դոլարով (0,28 տոկոսով) ցածր է նախորդ սեսիայի փակման մակարդակից: Հինգշաբթի պայմանագրերի գինն աճել էր 0,24 դոլարով (0,39 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 61,68 դոլարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նույն ժամին WTI տեսակի նավթի ֆյուչերսներն էժանացել են 0,09 դոլարով (0,17 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 52,5 դոլար: Հունվարի 10-ի սակարկությունների տվյալներով՝ պայմանագրի գինն աճել է 0,23 դոլարով (0,44 տոկոսով)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 52,59 դոլարի:

Brent-ի իննօրյա ռալին 2007 թվականի սեպտեմբերից ամենաերկարատեւն է եղել, հայտնում է Market Watch-ը:

Շաբաթվա սկզբից Brent-ը թանկացել է 7,6 տոկոսով, WTI-ն՝ 9,3 տոկոսով, շաբաթվա աճը կարող է դառնալ 2016 թվականի դեկտեմբերից ամենազգալին:

Նավթային շուկային աջակցություն է ցույց տալիս ԱՄՆ-ի եւ Չինաստանի առեւտրային բանակցությունների վերաբերյալ թրեյդերների լավատեսությունը, ինչպես նաեւ ՕՊԵԿ երկրներում նավթի արդյունահանման կրճատման ազդակները:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ Ֆալիխը այս շաբաթ ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերին ՕՊԵԿ+ երկրների կողմից համաձայնեցված նավթի արդյունահանումը օրական 1,2 մլն բարելով կրճատումը առավել քան բավարար է, որպեսզի շուկան վերադարձվի հաշվեկշռված վիճակի:

Սաուդյան Արաբիայից նավթի արտահանումը հունվարին կկազմի օրական 7,2 մլն բարել, իսկ փետրվարին կկրճատվի մինչեւ օրական 7,1 մլն բարել:

Ըստ S&P Global Platts-ի տվյալների՝ ՕՊԵԿ երկրները դեկտեմբերին նավթի արդյունահանումը կրճատել են 630 հազար բարելով՝ մինչեւ 6 ամսում նվազագույն 32,43 մլն բարել:

Այս շաբաթ նավթային շուկայի համար դրական գործոն է եղել ԱՄՆ դոլարի արժեզրկումը, սակայն չնայած ուրբաթ դոլարը զգալիորեն ամրապնդվել է, նավթի գները շարունակել են աճել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նավթի  


Վերնագիրի այլ պիտակները