Սիբիրում կայացել է աշխարհի ամենացուրտ մրցավազքը՝ -52 աստիճան ցրտի պայմաններում - VIDEO

21:04   12 Հունվար 2019    170

ՌԴ Օյմյակոն գյուղում, որը հայտնի է որպես աշխարհի ցուրտ բևեռ, 16 վազորդ մասնակցել է պատմության մեջ պաշտոնապես գրանցված ամենացուրտ մրցավազքին:

Ինչպես հաղորդում է Oddity central-ը, Օյմյակոնում օդի ջերմաստիճանը ձմռան ամիսներին,սովորաբար, -50 աստիճան է լինում՝ ըստ Ցելսիուսի: Գյուղը համարվում է Երկրի ամենացուրտ բնակավայրը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Այստեղ այնքան ցուրտ է, որ մարդու դեմքը պաշտպանված չլինելու դեպքում կարող է ցրտահարվել վայրկյանների ընթացքում:

Մրցավազքը կազմակերպվել է հունվարի 5-ին: 21-71 տարեկան մարզված վազորդները մրցել են 5, 10, 20, 30 և 42 կմ երկարությամբ մրցուղիներում: Մարաթոնի մեկնարկի պահին ջերմաստիճանը -52 աստիճան է եղել՝ ըստ Ցելսիուսի: Երբ ավարտին մոտեցող միակ վազորդը հաղթահարել է 39 կմ տարածությունը, ջերմաստիճանը գրանցվել է -48 աստիճան:

Մարաթոնի հմասնակիցներից մեկը նշել է, որ իրենք ցանկացել են ցույց տալ, որ մարզիկները կարող են հարմարվել չափազանց ցուրտ եղանակային պայմաններին:

Ամենաերկար տարածությունը՝ 39 կմ-ը, հաղթահարել է Իլյա Պեստերևը: Ամենաերիտասարդ մասնակիցը՝ 21-ամյա Ինոկենտի Օլեսովը, 10 կմ երկարությամբ տարածությունը հաղթահարել է մեկ ժամ 8 րոպեում, մինչդեռ ամենատարեց վազորդը՝ 71-ամյա Եգոր Պերմյակովը, 15 կմ-ը հաղթահարել է 2,5 ժամում:



Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները