Հիմա մեր նախարար Դավիթ Տոնոյանն ա մեր տների մեջ 50 տոկոս մտնում. թոշակառու սպաներ

16:04   07 Փետրվար 2019    676

Այսօր՝ փետրվարի 7–ին, կառավարության շենքի մոտ իրենց խնդիրները ներկայացրին Հայաստանի զինված ուժերի թոշակառու սպաները։

Նրանք նշեցին, որ նախկին օրենքով զինծառայողների համար նախատեսված տները ստանալուն իրենք սպասել են տասնյակ տարիներ շարունակ՝ ողջ ծառայության ընթացքում, հիմա օրենքը փորձում են փոխել (նախագիծը դրվել է հանրային քննարկման), տրամադրում են տների կադաստրային արժեքի 50 տոկոսը՝ Երեւանում, 100 տոկոսը՝ մարզերում։

«Բայց իրենց առաջարկած գումարներով ոչ ոք չի կարող տուն գնի։ Հին օրենքով գրված է՝ մեզ տրամադրել անհատույց բնակարան, իրենք ուզում են անհատույց բնակարանը փոխարինել ֆինանսական աջակցությամբ՝ շատ չնչին։ Ես հայտարարում եմ՝ ես տալիս եմ էդ 6.5 միլիոն դրամը, գնացեք, 100 հատ մի սենյականոց բնակարան ձեռք բերեք, կամ 9.5 մլն դրամով՝ երկու սենյականոց բնակարան, կամ 10.5 մլն դրամով՝ երեք սենյականոց բնակարան»,– ասաց Կարեն Հակոբյանը, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Այն, որ 100 տոկոսով փոխհատուցվում է մարզերում տրվող բնակարանների արժեքը, ըստ Հակոբյանի, քաղաքականություն է՝ մարզերում եւ Երեւանում բնակվող թոշակառու սպաներին տարանջատելու համար, «սակայն նման բան չի լինելու, մենք՝ բոլորս, իրար հետ ենք»։

Թոշակառու սպա Ցոլակ Խաչատրյանի խոսքով՝ սա ընդհանուր բարոյահոգեբանական առումով է խնդիր, քանի որ այսօրվա զինծառայողներն իրենց նայելով են տեսնում, ինչպես են ապրելու հասակն առնելուց հետո։ «Թող հիմիկվա զինծառայողները մեզ նայեն, տեսնեն՝ իրենց ինչ է սպասվում։ Միայն տների խնդիրը չի։ Խնդիր է նաեւ արձակուրդների վճարման հարցը, որ օրենքն արդեն ճանաչվել է հակասահմանադրական»,– ասաց նա։

Մեկ այլ զինվորականի՝ Խաչատուր Մաղաքյանի խոսքով՝ այս իշխանությունն իր՝ ամեն ինչի կեսը կորզելու ցանկությամբ հետ չի մնում նախորդից. «Սերժի ախպորն էին ասում 50/50 ամեն ինչի մեջ մտնում ա։ Հիմա մեր նախարար Տոնոյանն ա մեր տների մեջ 50 տոկոս մտնում»,– նշեց նա։



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները