Բրիտանացիների կեսից ավելի կողմ է Brexit-ի հետաձգմանը

18:48   10 Փետրվար 2019    244

Մեծ Բրիտանիայի 1500 քաղաքացիների շրջանում այս շաբաթ անցկացված հարցումները ցույց են տվել, որ բնակչության մոտ 53 տոկոսը կողմ է Եվրամիության կազմից երկրի դուրս գալու գործընթացի հետաձգմանը։

33 տոկոսը կողմ է անմիջապես ու կոշտ պայմաններով դուրս գալուն, իսկ մնացած 14 տոկոսը չի կողմնորոշվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Կոշտ Brexit-ը նշանակում է, որ Բրիտանիայի ու Եվրամիության միջև որևէ համաձայնություն ձեռք չի բերվում, ու հարաբերությունները կարգավորվում են ընթացքից, խնդիր է ստեղծվում Միացյալ Թագավորության մաս կազմող Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև անորոշ սահմանի հարցում և այլն։

Այս ամենից խուսափելու համար բրիտանական կառավարությունն ու եվրոպական իշխանությունները շարունակում են բանակցությունները։ Բայց հարցման արդյունքները ցույց են տալիս, որ բրիտանացիների 53 տոկոսը չի հավատում, որ այդ բանակցություններն արդյունք կտան։ Հաջող ելքին հավատում է հարցվածների ընդամենը 22 տոկոսը։

Թերևս հենց դա է պատճառը, որ հարցվածների մեծ մասը ցանկանում է հետաձգել գործընթացը, ինչը կնշանակի, որ երկրում նորից պետք է հանրաքվե անցկացվի, ու այդ դեպքում հնարավոր է նաև, որ բրիտանական կողմը հրաժարվի ԵՄ կազմից դուրս գալու նախաձեռնությունից, քանի որ դա ցանկացողների ու չցանկացողների տոկոսային տարբերությունն այնքան էլ մեծ չէ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Մեծ-Բրիտանիա   Brexit  


Վերնագիրի այլ պիտակները