Եվրախորհրդարանի նախագահին մեղադրել են ֆաշիզմին համակրելու մեջ

14:50   14 Մարտ 2019    226

Եվրախորհրդարանի թվաքանակով երկրորդ խմբակցության՝ եվրոպական սոցիալիստների ղեկավար Ուդո Բուլմանը եվրոպական վեհաժողովի նախագահ Անտոնիո Տայանիին մեղադրել է ֆաշիզմին համակրելու մեջ:

Իտալական Radio24-ին տված հարցազրույցում Տայանին ասել է, որ իտալացի դիկտատոր Բենիտո Մուսոլինին «որոշ լավ բաներ է արել»։ «Ես ֆաշիստ չեմ եւ երբեք ֆաշիստ չեմ եղել, բայց եթե անկեղծ, ապա նա (Մուսոլինին) ճանապարհներ է կառուցել, շենքեր, մարզական շինություններ... Երբ դուք պատմական դատողություններ եք անում, պետք է օբյեկտիվ լինեք»,- ասել է Եվրախորհրդարանի նախագահը։ Նա ԵՄ-ում ներկայացնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, որը ամենամեծ խմբակցությունն ունի Եվրախորհրդարանում։

Բուլմանի խոսքով՝ Տայանիի ասածն «անհավանական» է։ «Ինչպե՞ս Եվրախորհրդարանի նախագահը կարող է չընդունել ֆաշիզմի (հանցավոր) էությունը»,- գրել է նա Թվիթերում։

Ի պատասխան՝ Տայանին գրել է, որ «նրանք, ովքեր մանիպուլացնում են իր խոսքերը, պետք է ամաչեն»։ «Ես միշտ համոզված հակաֆաշիստ եմ եղել եւ թույլ չեմ տա հակառակը մտածել»,- ընդգծել է Եվրախորհրդարանի նախագահը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները