«Իրանը դատական հայց կներկայացնի ԱՄՆ-ի դեմ». Ռոհանի

11:46   19 Մարտ 2019    341

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների՝ Թեհրանի դեմ սահմանած պատժամիջոցները «մարդկության դեմ ուղղված հանցանք են» և որ Իրանը դրանց հիման վրա դատական հայց կներկայացնի Վաշինգտոնի դեմ:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, իսլամական պետության ղեկավարն ընդգծել է, որ Վաշինգտոնն իր պատժամիջոցներով բարդացնում է իրանցի ժողովրդի կյանքը:

Ռոհանին այս մասին ասել է պետական հեռուստատեսությամբ ելույթի ընթացքում: Նա մանրամասնել է, որ ամերիկյան պատժամիջոցների հետևանքով Իրանի ազգային արժույթ՝ ռիալը, արժեզրկվել է:

«Այս պատժամիջոցները մարդկության դեմ ուղղված հանցանք են: Ամերիկացիները միայն մի նպատակ ունեն՝ նրանք ցանկանում են Իրան վերադառնալ ու կրկին կառավարել ժողովրդին»,-հայտարարել է նախագահը:

Նա նշել է, որ Արտաքին գործերի և Արդարադատության նախարարություններին կարգադրել է Իրանի դատարաններում դատական հայց ներկայացնել այն ամերիկացիների դեմ, որոնք նախաձեռնել ու սահմանել են հակաիրանական պատժամիջոցները:

«Եթե իրանական դատարաններն ամերիկյան պաշտոնյաների դեմ վճիռ կայացնեն, Իրանը գործը կտեղափոխի միջազգային դատարաններ»,-հավելել է Ռոհանին:

Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո վերականգնել է Թեհրանի դեմ պատժամիջոցները, որոնք թիրախավորել են մթերային, դեղագործական, բանկային, առևտրային ոլորտները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները