Amazon-ի ղեկավարին վարկաբեկող նյութերը 200 հազար դոլարով վաճառել է նրա սիրուհու եղբայրը. WSJ

12:09   19 Մարտ 2019    263

The National Enquirer թերթը տեղեկություն է ստացել այն մասին, որ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը դավաճանում է կնոջը, տեղեկությունը տրամադրել է նրա սիրուհու՝ դերասանուհի Լորեն Սանչեսի եղբայրը։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

Նրանց տեղեկություններով՝ Մայքլ Սանչեսը The National Enquirer-ից 200 հազար դոլար է ստացել աշխարհի ամենահարուստ մարդու հետ իր քրոջ sms գրագրության եւ ինտիմ լուսանկարների համար։ Ինքը՝ Սանչեսը, պատասխանելով պարբերականի խնդրանքին՝ մեկնաբանել այդ տվյալները, ասել է, որ չի ցանկանում ընդունել թերթի հաջողությունները լրագրողական հետաքննությունների ուղղությամբ։ Նա հրապարակումն անվանել է անանուն աղբյուրների «հին լուրեր», բայց եւ հրաժարվել է մեկնաբանել Բեզոսի հետ իր քրոջ ինտիմ լուսանկարները The National Enquirer-ին տրամադրելու տեղեկությունը։

Ինչպես հիշեցնում է WSJ-ն, երկար ժամանակ չէր բացառվում, որ The National Enquirer-ը Amazon-ի ղեկավարին վարկաբեկող նյութեր է ստացել Դոնալդ Թրամփից կամ Սաուդյան Արաբիայի միջնորդներից։ Փաստաբան Էլքան Աբրամովիցը, որը ներկայացնում է American Media ընկերության շահերը, որը պատկանում է թերթին, ABC հեռուստաընկերությանը փետրվարին տված հարցազրույցում հերքել է նման վարկածները։

Բեզոսը, որը նաեւ The Washington Post թերթի սեփականատերն է, փետրվարի սկզբին ասել էր, որ ենթարկվել է շանտաժի եւ դրամաշորթության The National Enquirer-ի աշխատակիցների կողմից։ Գործարարի խոսքով՝ նրանք սպառնացել են հրապարակել sms գրագրությունն ու ինտիմ լուսանկարները Լորեն Սանչեսի հետ։

Amazon-ի հիմնադիրն ասել է, որ որոշել է չտրվել սպառնալիքներին եւ հրապարակել իր գրագրությունը թերթի ներկայացուցիչների հետ այս հաշվով։ Բեզոսը, որի կարողությունը, Bloomberg գործակալության տվյալներով, գերազանցում է 134 մլրդ դոլարը, ամուսնալուծվում է կնոջից՝ Մակքենզիից։

Հունվարի 9-ին Բեզոսը եւ նրա կինը հայտարարել են, որ մտադիր են ամուսնալուծվել։ Մեկ օր անց The National Enquirer-ում հրապարակվել է նյութ սիրուհու հետ գործարարի հարաբերությունների մասին։ Դրանում, մասնավորապես, ներկայացվում էին տեղեկություններ, որոնք միմյանց հաղորդել են Բեզոսն ու Սանչեսը։ Դրանից հետո Բեզոսը կարգադրել է մասնավոր հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչպես է թերթի տրամադրության տակ հայտնվել նրա նամակագրությունը սիրուհու հետ։

Բեզոսի հավաստմամբ՝ The National Enquirer-ի գլխավոր խմբագիր Դեւիդ Փեքերը հետաքննության մասին իմացել է եւ իր ներկայացուցիչների միջոցով պահանջել դադարեցնել այն։ Հակառակ դեպքում նա սպառնացել է հրապարակել նոր տեղեկություններ, ինչպես նաեւ Բեզոսի եւ Սանչեսի ինտիմ լուսանկարները։ Բացի այդ, Փեքերը ցանկացել է, որպեսզի Բեզոսը հրապարակավ հայտարարի, որ The National Enquirer-ի նյութերում քաղաքական աստառ չկա։

Բեզոսն ասել է, որ մերժել է նրան։ Լորեն Սանչեսը ամուսնալուծվում է գործարար Փաթրիկ Ուայթսելից։

Hayatsk.info

Հեշթեգներ: Amazon  


Վերնագիրի այլ պիտակները