Սուրբ Սոֆիայի տաճարը կարող է մզկիթ դառնալ. Էրդողան

11:26   25 Մարտ 2019    141

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ երկրի իշխանությունները կարող են փոխել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը, որպեսզի այնտեղ կարողանան այցելել անվճար:

«Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից կարող է փոխվել մզկիթի մարտի 31-ի տեղական մարմինների ընտրություններից հետո։ Բոլոր դավանանքների զբոսաշրջիկներն այժմ կարող են անվճար մտնել Երկնագույն մզկիթ, որը գտնվում է հարեւանությամբ։ Սուրբ Սոֆիայի պարագայում կարելի է նույնն անել»,- լրագրողի հարցին, թե կկարողանան արդյոք Թուրքիայի քաղաքացիներն անվճար այցելել Սուրբ Սոֆիայի տաճար, TGRT հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է նախագահը։

Ներկայում թանգարան մուտքը 60 թուրքական լիր (10 դոլար) արժե։ Էրդողանը մարտի 18-ին ասել էր, որ կողմնակից չէ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու գաղափարին, քանի որ դա կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Սուրբ Սոֆիայի տաճարը բյուզանդական ճարտարապետության ամենանշանավոր հուշարձանն է։ Այն կառուցվել է 532-537 թվականներին կայսր Հուստինիանոսի կարգադրությամբ, որը որոշել էր հավերժացնել Կոստանդնուպոլսի փառքը, ինչպես այն ժամանակ անվանվում էր Բոսֆորի ափերին գտնվող այդ քաղաքը։ Ավանդապատման համաձայն՝ տաճարի կառուցման պլանը Հուստինիանոսին երազում տվել էր հրեշտակը։

Կայսրը երազում էր, որպեսզի տաճարն աշխարհում հավասարը չունենա, եւ անգամ նախատեսում էր դրանում հատակը ոսկե սալիկներից կառուցել։ 1453 թվականից այստեղ մզկիթ է։ 1935-ին Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվեց թանգարանի։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   Էրդողան  


Վերնագիրի այլ պիտակները