Wikipedia-ի իտալական տարբերակը դադարել է գործելուց՝ ի նշան Եվրամիության կանոնակարգի դեմ բողոքի

19:00   25 Մարտ 2019    200

Wikipedia առցանց հանրագիտարանի իտալական տարբերակն այսօրվանից անհասանելի է դարձել օգտատերերի համար՝ ի նշան համացանցում հեղինակային իրավունքի մասին Եվրամիության կանոնակարգի բարեփոխման դեմ դրա հեղինակների ու խմբագիրների բողոքի:

Հանրագիտարանի իտալալեզու բաժնում ցանկացած էջ բացելիս էկրանին սև ֆոնի վրա ուղերձ է հայտնվում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Սա կարող է մեր վերջին հնարավորությունը լինել: Օգնե՛ք մեզ պահպանել Եվրոպայում հեղինակային իրավունքները: Մարտի 26-ին Եվրոպական խորհրդարանը քվեարկություն կանցկացնի հեղինակային իրավունքի մասին նոր կարգադրության վերաբերյալ, ինչը հրատարակիչներին այլ կայքերում նորությունների ու խորագրերի տարածման համար սահմանափակումներ մտցնելու իրավունք կընձեռի: Դա կստիպի գրեթե բոլոր կայքերին նախօրոք վերլուծել յուրաքանչյուր օգտատիրոջ ներդրումը տեղեկությունների մեջ, որպեսզի հեղինակային իրավունքի ներկայացուցիչների կողմից հավանություն չստանալու դեպքում նրանք ավտոմատ կերպով արգելափակվեն»,- ասված է ուղերձում:

Հեղինակների կարծիքով՝ կանոնակարգի տվյալ կետերի ընդունումը կարող է մեծապես վնասել համացանցում կարծիքի արտահայտման, համատեղ աշխատանքի և ստեղծարարության ազատությանը: Հեղինակների խոսքով՝ այդ նորմերը կարող են ուղղակիորեն չվերաբերել Wikipedia-ին, սակայն կթուլացնեն համացանցը, իսկ առցանց հանրագիտարանը համացանցի էկոհամակարգի մաս է: Ուղերձի վերջում իտալական Wikipedia-ի հեղինակները կոչ են անում օգտատերերին կապ հաստատել Եվրոպական խորհրդարանում իրենց ներկայացուցիչների հետ և բողոքել տվյալ կետերի դեմ:

Wikipedia-ի իտալական տարբերակը սկսել է իր գործունեությունը 2001թ.-ին: Դրանում առաջին հոդվածները Դանթե Ալիգիերիի, Ֆրանչեսկո Պետրարկայի և իտալացի այլ դասական հեղինակների մասին են եղել: Այժմ իտալալեզու հանրագիտարանն ավելի քան 1,5 մլն հոդված է պարունակում՝ առցանց հանրագիտարանի՝ ըստ լեզվի առանձնացված տարբերակներում 8-րդ տեղը զբաղեցնելով:

Hayatsk.info

Հեշթեգներ: Wikipedia  


Վերնագիրի այլ պիտակները