Կիմ Չեն Ընը պատրաստ է Թրամփի հետ նոր հանդիպմանը

09:29   13 Ապրիլ 2019    264

Հյուսիսային Կորեայի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ընը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերստին հանդիպելու իր մտադրության մասին, չնայած Հանոյում անհաջող ավարտված բարձր մակարդակով հանդիպմանը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Եթե մենք [ԿԺԴՀ-ն եւ ԱՄՆ-ն] ցանկանում ենք բարձր մակարդակով երրորդ հանդիպումն անցկացնել ճիշտ վերաբերմունքով եւ հաշվարկների ճիշտ մեթոդով, որը պատրաստ ենք փոխանցել գործընկերներին, ապա կցանկանայինք մեկ անգամ էլ փորձել»,- ասել է Կիմ Չեն Ընը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նա հայտարարել է, որ մտադիր է սպասել մինչեւ 2019-ի վերջը, մինչեւ ԱՄՆ ղեկավարությունը Կորեական թերակղզու ապամիջուկայնացման բանակցությունների հանդեպ իր մոտեցումը փոխելու «խիզախ» որոշում կընդունի, որը թույլ կտա անցկացնել երրորդ գագաթնաժողովը: «Մինչեւ տարեվերջ ես համբերատար կլինեմ եւ կսպասեմ ամերիկացի առաջնորդին: Չնայած դժվար կլինի ստանալ նույնպիսի լավ հնարավորություն, ինչպես անցյալ անգամ (փետրվարի 27-28-ին տեղի ունեցած Հանոյի գագաթնաժողովին)»,- շեշտել է նա:

Կիմ Չեն Ընը նշել է, որ գագաթնաժողովի անցկացման համար անհրաժեշտ է գտնել «հարաբերությունների բարելավման կառուցողական որոշումներ»: Դրանից բացի, նա նշել է, որ ԱՄՆ նախագահի հետ իր անձնական հարաբերությունները շարունակում են լավ մնալ, չնայած նախորդ հանդիպման անպտուղ ավարտին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կիմ-Չեն-Ըն   Թրամփ  


Վերնագիրի այլ պիտակները