Հնդկաստանը հույս ունի խուսափել Ս-400 գնելու պատճառով ԱՄՆ պատժամիջոցներից

10:39   13 Ապրիլ 2019    202

Հնդկաստանը հույս ունի խուսափել ռուսական Ս-400 հրթիռային համալիրներ գնելու պատճառով ԱՄՆ պատժամիջոցներից:

Այս մասին AFP-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Նիրմալա Սիթհարամանը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը Նյու Դելիին «լսել եւ հասկացել» է՝ կապված 5,2 մլրդ դոլարով Ս-400 ձեռք բերելու որոշման հետ: Սիթհարամանը նշել է, որ Վաշինգտոնն ի գիտություն է ընդունել, որ Պակիստանին եւ Չինաստանին սահմանակից Հնդկաստանը կարիք ունի ինչպես ռուսական, այնպես էլ այլ զենքերի, որպեսզի «ուժեղ գործընկեր» մնա: Նրա խոսքով՝ Մոսկվայի հետ Ս-400-ի շուրջ բանակցությունները սկսվել են դեռեւս մինչեւ ԱՄՆ պատժամիջոցների սահմանումը:

Հարցին՝ վստա՞հ է, որ Հնդկաստանը կխուսափի ամերիկյան պատժամիջոցներից, Սիթհարամանը պատասխանել է. «Այո, ես հուսով եմ»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն անցյալ տարի պատժամիջոցներ էր սահմանել Չինաստանի զինված ուժերի դեմ Պեկինի կողմից Ս-400 եւ այլ ռազմական տեխնիկա գնելու համար: Դրանից բացի, այս համակարգերը ձեռք բերելու Թուրքիայի որոշումից հետո Վաշինգտոնը կասեցրել է Թուրքիայի մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ծրագրին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները