Զարիֆը քննադատել է եվրոպական երկրներին

20:21   14 Ապրիլ 2019    132

Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ եվրոպական գործընկերները «ուշացնում են» իրենց պարտավորությունների կատարումը:

Նա կիրակի օրը քննադատել է եվրոպական երկրներին արտաքին առևտրային INSTEX մեխանիզմի մեկնարկը հետաձգելու համար, հայտնում է PressTV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով, Զարիֆը հայտարարել է, որ իրանական «Առևտրաֆինանսական հատուկ ինստիտուտը», որը ստեղծվել է INSTEX-ի հետ համագործակցելու համար, անցած շաբաթ սկսել է աշխատանքը: Նախարարը նշել է, որ եվրոպական գործընկերներն այլևս հիմքեր չունեն մեխանիզմի գործարկման հետաձգման համար: Նա նաև ընդգծել է, որ եվրոպական գործընկերները «չպետք է ենթադրեն, որ Իսլամական Հանրապետությունը կշարունակի սպասել նրանց»:

Զարիֆը նաև ողջունել է INSTEX-ի նման մեխանիզմները, որոնք գործարկվել են Իրանի հարևանների հետ և «լավագույն ձևով» աշխատել, նշել է հեռուստաալիքը:

2018-ի մայիսին Միացյալ Նահանգների Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալու արդյունքում Իրանի տնտեսությունը լուրջ խնդիրների է բախվել բանկային ոլորտում: Վաշինգթոնի ճնշման ներքո Թեհրանն անջատվել է SWIFT համակարգից, որը լրջորեն խոչընդոտել է իրանական բիզնեսի օտարերկրյա գործընկերների հետ ֆինանսական փոխհարաբերություններին:

Ի պատասխան, 2019 թ.-ի հունվարին Բեռլինը, Լոնդոնն ու Փարիզը հայտարարել են Իրանի հետ հաշվարկների հատուկ մեխանիզմի ստեղծման մասին, ինչը թույլ է տալիս երկրի հետ առևտուր իրականացնել՝ շրջանցելով ԱՄՆ պատժամիջոցները: Այդ նպատակով Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի մասնակցությամբ, գրանցվել է INSTEX անվանումով ծրագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Զարիֆ  


Վերնագիրի այլ պիտակները