Կոնգոյի ԴՀ-ում էբոլա վիրուսի պատճառով մահացածների թիվը գերազանցել է 800-ը

12:14   15 Ապրիլ 2019    154

Էբոլա հեմոռագիկ տենդի վիրուսի պատճառով անցյալ տարվա հուլիսից ավելի քան 800 մարդ է մհացել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ հաղորդվել էր 751 մահացածների մասին:

«Կիրակի օրվա՝ ապրիլի 14-ի դրությամբ ընդամենը գրանցված է վարակվելու 1251 դեպք՝ 1185 հաստատված եւ 66՝ հնարավոր, 803 մահացած եւ 371 բուժված»,-ասված է նախարարության՝ Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը սուր վիրուսային վարակ է, որն ախտահարում է մարդկանց եւ կենդանիների առանձին տեսակների: Էբոլայի համաճարակն Արեւմտյան Աֆրիկայում բռնկել է 2015 թվականին եւ հիմնականում ընդգրկել երեք երկիր՝ Գվինեան, Սիեռա-Լեոնեն եւ Լիբերիան: Կոնգոյի ԴՀ-ում էբոլա վիրուսի ներկայիս համաճարակն սկսվել է 2018 թվականի հուլիսի վերջից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Կոնգո  


Վերնագիրի այլ պիտակները