Գերմանիայում մեղադրանք է ներկայացվել համակենտրոնացման ճամբարի 92-ամյա նախկին վերակացուին

17:15   18 Ապրիլ 2019    238

Համբուրգի դատախազությունը մեղադրանք է ներկայացրել նացիստական Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարի 92-ամյա նախկին վերակացուին, որը կասկածվում է գերիների սպանությանը հանցակցության մեջ, հղում կատարելով Welt-ին։

Կասկածյալ Բրունո Դ-ն վերակացու է աշխատել Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարում, որը գտնվում էր Լեհաստանի տարածքում, 1944 թվականի օգոստոսի 9-ից մինչեւ 1945 թվականի ապրիլի 26-ը։ Այդ ընթացքում, ինչպես պարզել են իրավապահները, նացիստները սպանել են, առնվազն, 5230 մարդու գազախցիկներում կամ այլ եղանակներով՝ կտտանքների, սովի, հիվանդությունների կամ թույնի ներարկումների օգնությամբ։

2018-ի ամռանը կասկածյալը կամավոր հարցաքննության ժամանակ խոստովանել է, որ տեսել է, թե ինչպես են մարդկանց ուղարկում գազախցիկներ, հետեւել է, թե ինչպես են մահանում։ Բրունո Դ.-ն ընդամենը 17 տարեկան էր, երբ աշխատանքի է անցել ճամբարում։ Նրա խոսքով՝ նա երբեք չի համակրել նացիստներին եւ ԷսԷս-ի շարքերն է անցել սրտի հիվանդության պատճառով, որը նշանակում էր, որ նա պիտանի է միայն կայազորային ծառայության համար։ Նա ասել է, որ ցավել է սպանվողների համար, բայց իր մեղքը չի ընդունում։ «Ինչո՞վ կօգներ, եթե հեռանայի ծառայությունից, նրանք մեկ ուրիշին կգտնեին»,- ասել է նա։

Ապրիլի սկզբին գերմանական Մյունսթերի դատարանը կարճեց Շտուտհոֆ ճամբարի մեկ այլ վերակացուի դատավարությունը, քանի որ ամբաստանյալը չէր կարող մասնակցել դատավարությանը առողջական վիճակի պատճառով։

Նացիստական Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարը ստեղծվել է 1939 թվականին զավթված Լեհաստանի տարածքում, Դանցիգից (այժմ՝ Գդանսկ) ոչ հեռու։ Պատերազմի տարիներին այնտեղ ավելի քան 100 հազար գերի է եղել, որոնցից մոտ 65 հազարը զոհվել է։

Hayatsk.info

Հեշթեգներ: Գերմանիա  


Վերնագիրի այլ պիտակները