Շվեյցարիայում անցկացվում է հանրաքվե կիսաավտոմատ զենք ունենալու հարցով

18:56   19 Մայիս 2019    401

Կիրակի օրը՝ մայիսի 19-ին, Շվեյցարիայում անցկացվում է հանրաքվե, որում ներառված է կիսաավտոմատ զենք ունենալու հարցը:

Hayatsk.info-ն հայտնում է, որ 2015-ին Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո Եվրամիությունում խստացվել է զենքի մասին օրենքը, արգելքի տակ է ընկել զենքի հենց այդ տեսակը՝ ներառյալ գրոհային հրացանները: Այնուամենայնիվ, Շվեյցարիայի շատ քաղաքացիներ ունեն դրանցից:

Շվեյցարիան Եվրամիության կազմում չէ, սական մտնում է Շենգենյան գոտում՝ բաց սահմաններով: Երկիրը կապված է ԵՄ-ի հետ մի շարք համաձայնագրերով և հետևում է Եվրամիության շատ կանոնների: Հանրաքվեի անցկացմանը դեմ է Շվեյցարիայի հրաձգային միավորումը (Interessengemeinschaft Schiessen Schweiz, IGS): IGS ակտիվիստների կարծիքով՝ համաեվրոպական կանոնների կիրառումը Շվեյցարիայում սպառնալիքի տակ կդնի հրաձգությունը որպես մասսայական սպորտաձև:

Օրենքում փոփոխության հակառակորդները հունվարին հավաքել են 125 հազար ստորագրություն, չնայած հանրաքվեի համար անհրաժեշտ էր միայն 50 հազար ստորագրություն: Ի պատասխան կառավարությունը հայտարարել է, որ «խաղաղ» սպորտի ավանդույթները չեն ենթարկվի վտանգի, քանի որ օրենքում նախատեսված կլինեն բացառություններ հրաձիգների, հավաքորդների և որսորդների համար:

Եթե օրենքը մերժվի, Շվեյցարիային կարող են բացառել Շենգենյան գոտուց: Այդ դեպքում հնարավոր է վերսկսվեն սահմաններին անհատական հսկողությունն ու զննությունը՝ նախազգուշացրել է երկրի կառավարությունը: Սակայն, ինչպես ցույց են տալիս հարցումները, զենքի մասին օրենքի խստացումը աջակցություն կստանա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները