Շվեյցարիա է ժամանել 12 հազար չինացիներից բաղկացած ռեկորդային տուրիստական խումբը

21:10   19 Մայիս 2019    259

12 հազար չինացի զբոսաշրջիկներից բաղկացած ռեկորդային խումբ է ժամանել Շվեյցարիա MICE-ուղեւորության (գործարար զբոսաշրջության) շրջանակներում, նրանք կայցելեն երկրի գլխավոր տեսարժան վայրերը:

Այդ մասին հայտնել է Swissinfo պորտալը: «Առաջին անգամ Շվեյցարիա է ժամանել 12 հազար չինացի զբոսաշրջիկներից բաղկացած խումբը: Ուղեւորության կազմակերպիչը՝ Jeunesse Global ամերիկյան ընկերությունը, որն ապրանքներ է վաճառում առողջության ու գեղեցկության համար, որոշել է այդ կերպ խրախուսել իր չինական անձնակազմին»,-գրում է հրատարակությունը:

MICE-ն (Meetings, Incentives, Conferences, Events) գործարար զբոսաշրջության բնագավառ է՝ կապված կորպորատիվ տարբեր միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ: MICE հասկացությունը ներառում է չորս բազային ուղղություն՝ meetings՝ կորպորատիվ հանդիպումներ, incentives՝ խրախուսիչ կամ մոտիվացիոն շրջագայություններ ու ծրագրեր, conferences՝ խորհրդաժողովներ, համաժողովներ, exhibitions՝ ցուցահանդեսներ, փառատոներ, պրեսս-տուրեր:

Հրատարակության տվյալներով՝ դա իր չափով զբոսաշրջիկների բացարձակ ռեկորդային խումբ է գործարար զբոսաշրջության ոլորտում: Խումբն այնքան մեծ է, որ զբոսաշրջիկներին հարկ կլինի բաժանել 4-հազարական մարդուց բաղկացած ենթախմբերի, որպեսզի նրանք հարմարավետությամբ կարողանան այցելել երկրի գլխավոր տեսարժան վայրեր՝ Հռենոսի ջրվեժ, Տիտլիս լեռ, ինչպես նաեւ Լյուցեռնի, Բազելի եւ Ցյուրիխի շոփինգ-կենտրոններ:

Շվեյցարիա այցելած MICE-խմբի մասնակիցների թվաքանակով նախորդ ռեկորդը ձեռք է բերվել 2011 թվականին. այն ժամանակ 3,5 հազար զբոսաշրջիկ էր եկել Հնդկաստանից: Ընդ որում՝ սովորաբար նման խմբերը ներառում են 25-80-ական մարդ: «Չինացի զբոսաշրջիկների ներկայիս ուղեւորությունը հսկայական իրադարձություն է Շվեյցարիայի զբոսաշրջության ինդուստրիայի համար: Սպասվում է, որ Չինեաստանից զբոսաշրջիկների խմբի ուղեւորությունը մինչեւ 14 մլն ֆրանկ (13,85 մլն դոլար) լրացուցիչ եկամուտ կբերի»,-գրում է Swissinfo-ն:

Պորտալի տվյալներով՝ 2000-ից մինչեւ 2018 թվականը Շվեյցարիայում չինացի զբոսաշրջիկների գիշերակացերի թվաքանակը 234,5 հազարից աճել է մինչեւ 1,73 միլիոն:

Hayatsk.info

Հեշթեգներ: Շվեյցարիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները