Ֆրանսիայում մեկնարկել են «դեղին բաճկոնների» 28-րդ շաբաթօրյա ցույցերը

18:56   25 Մայիս 2019    162

Ֆրանսիայում այսօր անցկացվում են «դեղին բաճկոններ» շարժման հերթական՝ 28-րդ համազգային բողոքի շաբաթօրյա ցույցերը:

Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին, Փարիզում ցույցի հարյուրավոր մասնակիցներ հավաքվել են «Պեր Լաշեզ» ազգային գերեզմանատան մոտ և Բաստիլի հրապարակով շարժվել դեպի Մանմարտրի գագաթին գտնվող Սակրե կյոր բազիլիկ:

Երկրի ՆԳՆ տվյալներով՝ ոստիկանության աշխատակիցներն ավելի քան 5000 ստուգում են իրականացրել և 64 մարդու ձերբակալել: Ոստիկանների հետ բախումների մասին հաղորդումներ չեն ստացվել: Բողոքի ցույցեր են սկսվել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայրենի Ամյեն քաղաքում, որտեղ շուրջ 300 մարդ է փողոց դուրս եկել:

Հիշեցնենք, որ շաբաթօրյա զանգվածային բողոքի ցույցերը Ֆրանսիայում մեկնարկել են նոյեմբերի 17-ին: Ֆրանսիացիները նախ բողոքում էին բենզինի գնի թանկացման դեմ: Այդ պահից սկսած նրանք նաև այլ հարցեր են բարձրաձայնում՝ հայտնելով իրենց դժգոհությունը սոցիալ-տնտեսական իրավիճակից և իշխանությունների վարած քաղաքականությունից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները