Ալժիրում թեկնածուների բացակայության պատճառով նախագահական ընտրությունները կարող են տեղափոխվել

12:11   26 Մայիս 2019    131

Ալժիրի նախագահական ընտրություններին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք իր թեկնածությունն առաջարդելու մասին հայտ չի ներկայացրել, ինչը կարող է ավտոմատ կերպով հուլիսի 4-ին նշանակված ընտրությունների տեղափոխման պատճառ դառնալ, գրում է РИА Новости-ն՝ Al Khabar պարբերականին հղումով:

Հայտնի է, որ հայտերի ներկայացման ժամկետն ավարտվել է մայիսի 25-ին: Ալժիրի ներքին գործերի նախարարությունը միայն հայտնել է, որ 70 հավանական թեկնածուները խնդրել են գրանցման համար անհրաժեշտ ձևաթուղթը, սակայն թեկնածուների գրանցման համար պատասխանատու Սահմանադրական խորհուրդն այդպես էլ չի հաղորդել նախագահի պաշտոնին առաջադրվելու վերաբերյալ որևէ հայտի ստացման մասին:

«Ալժիրում համընդհանուր բոյկոտի պայմաններում ընտրություններ կազմակերպելու՝ պատմության մեջ սակավադեպ փորձ է գրանցվել: Դրա պատճառով անհնար է դառնում ընտրությունների համար սահմանադրությամբ սահմանված ժամկետների պահպանումը»- գրում է պարբերականը:

Հիշեցնենք, որ Ալժիրում արդեն 3 ամիս է՝ քաղաքական ճգնաժամ է տիրում: Երկրի նախկին նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան ապրիլի 2-ին իր 5-րդ պաշտոնավարման համար առաջադրվելու դեմ բարձրացված զանգվածային ցույցերի ֆոնին վաղաժամկետ հեռացել էր պաշտոնից՝ օգտվելով առողջական վիճակի պատճառով պաշտոնաթող լինելու հնարավորությունից: Ութսուներկուամյա Բուտեֆլիկան անընդմեջ կառավարել էր երկիրը 1999թ.-ից:

Ալժիրում 90-օրյա ժամկետով երկրի ժամանակավոր ղեկավար էր ընտրվել խորհրդարանի Վերին պալատի խոսնակ Աբդելքադեր Բենսալահը, որն էլ հուլիսի 4-ին նախագահական ընտրությունների անցկացման հրաման էր տվել:

Երկրի ընդդիմությունը, ինչպես նաև շատ հասարակական կազմակերպություններ և ցուցարարներ դեմ են հանդես եկել ընտրությունների՝ հուլիսի 4-ին անցկացմանը՝ պատճառաբանելով, որ չեն վստահում գործող իշխանություններին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ալժիր  


Վերնագիրի այլ պիտակները