Էյֆելյան աշտարակի մերձակայքի բնապատկերը լիովին կփոխվի մինչև 2024 թվականը

20:14   26 Մայիս 2019    147

Էյֆելյան աշտարակին հարող տարածքների բնապատկերը լիովին կփոխվի մինչեւ Փարիզի Օլիմպիական խաղերի անցկացումը 2024 թվականին:

Այդ մասին հայտնել են Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքապետարանում: Մայիսի 21-ին քաղաքագլուխ Անն Իդալգոյի ներկայացրած նախագծի համաձայն՝ աշտարակի շուրջն ընկած տարածքը կդառնա գործնականում լիովին հետիոտնային եւ «կանաչ», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Պլանավորվում է երթեւեկության համար փակել Ենայի կամուրջը, որն Էյֆելյան աշտարակի մերձակա տարածքը միացնում է Տրոկադերոյի այգիների եւ Շայո պալատի հետ: Նաեւ քաղաքային իշխանությունները կվերացնեն օղակաձեւ ուղեբաժանքը Տրոկադերո հրապարակի մոտ եւ այն կվերածեն զբոսայգիներ գոտու:

Բացի դրանից, Բրանլի առափնյակում կսահմանափակեն ավտոմոբիլների երթեւեկությունը՝ երթեւեկելի գոտիների քանակը չորսից կրճատելով մինչեւ երկու, իսկ ավտոտրանսպորտի երթեւեկության արագությունը ՝ 50-ից մինչեւ 20 կիլոմետր/ժամ:

Այսպիսով, նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ աշտարակի մերձակա տարածքն ավելի հարմարեցված կդառնա հետիոտն զբոսանքների համար: Քաղաքապետարանում նշել են, որ տարեկան Էյֆելյան աշտարակ է այցելում 7 միլիոն մարդ ու եւս ավելի քան 20 միլիոնը գալիս է այն դիտելու եւ հանգստանալու Մարսյան դաշտում:

Տեսաշնորհանդեսի համաձայն, որը հրապարակվել է Իդալգոյի Twitter-ում, դաշտի ամբողջ տարածքում կտնկվեն ծաղիկներ եւ հազվագյուտ բույսեր, ինչպես նաեւ կլինեն ավելի շատ ծառեր: Ընդհանուր առմամբ պլանավորվում է բարեկարգել եւ վերակառուցել 54 հեկտար: Նախագիծը, որն ստացել է One անվանումը, իշխանությունների վրա կնստի 72 միլիոն եվրո:

Hayatsk.info

Հեշթեգներ: Էյֆել   Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները