Հոնկոնգի կենտրոնում կառավարական շենքերը փակ կլինեն մինչեւ շաբաթվա վերջը

10:51   13 Հունիս 2019    136

Հոնկոնգի կենտրոնում գտնվող կառավարական շենքերը, որոնց մոտ հունիսի 12-ին բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել արտահանձման մասին օրենքի ուղղումների դեմ, հինգշաբթի եւ ուրբաթ օրերին փակ կլինեն անվտանգության նկատառումներով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին ասված Է ՉԺՀ-ի հատուկ վարչական շրջանի կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ:

«Անվտանգության նկատառումներով կենտրոնական կառավարության շենքերը ժամանակավորապես փակ կլինեն այսօր եւ վաղը (հունիսի 13-ին եւ 14-ին)»,- նշվում Է հաղորդագրության մեջ:

Քաղաքի կենտրոնի կառավարական հիմնարկություններում աշխատող պետծառայողները չպետք Է աշխատանքի գան, կառավարական համալիրի բոլոր այցելությունները հետաձգված են կամ չեղարկված: Հոնկոնգում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել արմատական ցուցարարների առանձին խմբերի նկատմամբ, որոնք հունիսի 12-ին փորձել են ներխուժել Օրենսդրական խորհրդի համալիր:

Կարգի պահապանները բազմությանը զսպել են պղպեղային գազով եւ ռետինե մահակներով, իսկ այնուհետեւ կիրառել են արցունքաբեր գազ եւ ծխագլանիկներ: Բողոքների կազմակերպիչները հայտարարել են, որ Օրենսդրական խորհրդի պաշարումը կարող Է շարունակվել մի քանի օր, քանի դեռ իշխանությունները չեն հրաժարվել օրինագծի ընդունման գաղափարից, որը թույլ կտա կարգավորել հանցագործությունների մեծ կասկածվող անձանց ինքնավար Հոնկոնգից մայրցամաքային Չինաստան արտահանձնելու մեխանիզմը:

Ըստ վերջին տվյալների՝ բողոքի ակցիաների ընթացքում տուժել եւ հոսպիտալացվել Է 15-ից մինչեւ 66 տարեկան 72 մարդ, նրանցից երկուսը ծանր վիճակում են:

Հոնկոնգի Օրենսդրական խորհուրդը որոշել Է հետաձգել ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի քննարկման համար նիստի անցկացումը բողոքի բազմահազարանոց ակցիայի ֆոնին, որն ընդգրկել Է քաղաքի կենտրոնը: Հոնկոնգում ցուցարարները բողոքում են ՉԺՀ-ի հետ արտահանձնման մասին օրենքի եւ այդ ինքնակառավարվող հատուկ վարչական շրջանի ներքին գործերի նկատմամբ Չինաստանի իշխանությունների կողմից վերահսկողության ուժեղացման դեմ:

Նորամուծությունը թույլ կտա Չինաստանի իշխանությունների պահանջով մայր ցամաք հանձնել այն անձանց, որոնց կասկածում են ՉԺՀ-ի օրենքների խախտման մեջ: Դրա դեմ հանդես Է գալիս տեղական ընդդիմությունը, որն անհանգստացած Է Հոնկոնգի ներքին գործերի նկատմամբ Պեկինի վերահսկողության ուժեղացումից: Ընդդիմությունը զգուշանում Է, որ արտահանձնումը կարող Է տարածվել ոչ միայն քրեական եւ կոռուպցիոն գործերի ֆիգուրանտների, այլեւ իրավապաշտպանների եւ այլախոհների վրա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Հոնկոնգ  


Վերնագիրի այլ պիտակները