Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպանը ԱԳՆ է կանչվել

12:52   16 Հունիս 2019    173

Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքեյրն Իրանի արտգործնախարարություն է կանչվել:

Պատճառն Օմանի ծոցում լցանավերի հետ տեղի ունեցած միջադեպին Իրանի մասնակցության վերաբերյալ Լոնդոնի «անընդունելի» հայտարարությունն է, գրում է ISNA գործակալությունը:

Դեսպանին Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթի հայտարարության առնչությամբ խիստ բողոք են արտահայտել՝ նշելով, որ բրիտանական կողմի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Ավելի ուշ մի խումբ ցուցարարներ փակել են Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպանատան միակ մուտքը՝ թույլ չտալով դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներին աշխատավայր մուտք գործել:

Հիշեցնենք, որ հունիսի 13-ին Օմանի ծոցում հարձակում է տեղի ունեցել երկու նավթային լցանավի վրա: Որոշ տվյալների համաձայն՝ ենթադրյալ հարձակումը տեղի է ունեցել ականակիր նավից, ինչի հետևանքով լցանավերում պայթյուններ են որոտացել և հրդեհ է բռնկվել, սակայն պաշտոնապես չի հաստատվել, թե միջադեպի պատճառը հենց դա է: Տուժած նավերի անձնակազմերի բոլոր անդամները տարհանվել են Իրանի տարածք:

Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ լցանավերի հետ տեղի ունեցած միջադեպի համար պատասխանատվություն է կրում Իրանը: Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Հանթը հայտնել էր, որ վստահում է միջադեպի առնչությամբ ԱՄՆ-ի գնահատականին՝ չկասկածելով, որ մեղավորն Իրանն է: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը նույնպես միջադեպի համար մեղադրել է Իրանին՝ կոչ անելով միջազգային հանրությամը «վճռական դիրքորոշում» զբաղեցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան   Մեծ-Բրիտանիա  


Վերնագիրի այլ պիտակները