Մենք պատերազմ չենք ցանկանում. Պոմպեո

11:12   17 Հունիս 2019    147

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, մեկնաբանելով Օմանի ծոցում երկու նավթային լցանավերի վրա իրականացված հարձակման միջադեպը, հայտարարել է, որ Վաշինգտոնը չի ցանկանում պատերազմել Իրանի հետ:

Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի համոզմամբ՝ հարձակումների պատասխանատուն Իրանն է: Ինչպես նշում է The Guardian-ը, պետքարտուղարն այս մասին ասել է Fox News Sunday-ին տված հարցազրույցում՝ ընդգծելով, որ դիվանագիտությունն այս հարցում շատ կարևոր է:

«Նախագահ Թրամփը հնարավոր ամեն բան արել է պատերազմից խուսափելու համար: Մենք պատերազմ չենք ցանկանում»,- ասել է պետքարտուղարը՝ ակնարկելով վերլուծաբանների բազմաթիվ պնդումներն առ այն, որ ԱՄՆ նախագահն Իրանի դեմ ռազմատենչ հայտարարություններով պատերազմ է հրահրում:

Պոմպեոն հավելել է, որ ամերիկյան հետախուզական ծառայությունները «բազմաթիվ տվյալներ, բազմաթիվ ապացույցներ» ունեն առ այն, որ Իրանը հարձակվել է Հորմուզի նեղուցով անցնող նավթային լցանավերի վրա:

Պարբերականը նկատում է, որ երկու երկրների՝ առանց այդ էլ լարված հարաբերություններն ավելի են սրվել անցած հինգշաբթի տեղի ունեցած միջադեպի հետևանքով: Այնուհանդերձ՝ Իրանը հերքում է ԱՄՆ-ի բոլոր մեղադրանքները՝ պնդելով, որ որևէ առնչություն չունի հարձակման հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   Իրան   Պոմպեո  


Վերնագիրի այլ պիտակները