Իրանը հայտարարել է միջուկային գործարքի գծով իր պարտավորությունների նոր կրճատումների մասին

14:00   17 Հունիս 2019    117

Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաեւ դադարեցնում է ծանր ջրի արտահանումը:

Հունիսի 17-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

«Այսօրվանից մենք ձեռնամուխ ենք լինում ուրանի հարստացմանը, որպեսզի մինչեւ հունիսի 27-ը գերազանցենք ԳՀՀԾ-ով նախատեսված 300 կիլոգրամի չափով դրա կուտակումների ծավալը,-ընդգծել է Քամալվանդին:-Մենք նաեւ որոշում ենք ընդունել դադարեցնել ծանր ջրի արտահանումը»: Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք է այլ երկրներ արտահանի ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցում են 300 կիլոգրամը, ինչպես նաեւ մշակված ծանր ջուրը:

Իրանի ատոմային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը ԳՀՀԾ-ի մասնակից եվրոպական երկրներից դեռեւս սպասում է գործարքի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման գործողություններ:

«Եվրոպացիները դեռեւս հնարավորություն ունեն ընդունելու այնհրաժեշտ որոշումը: Մեր համբերությունն սպառվել է. մենք սպասում էինք մեկ տարի եւ 2019 թվականի մայիսի 8-ին տվեցինք եւս երկու ամիս, այնպես որ նրանք դեռեւս փոքր-ինչ ժամանակ ունեն իրադրությունը շտկելու համար»,-պարզաբանել է Քամալվանդին: Նա հավելել է, որ Թեհրանը մշտական շփման մեջ է եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները