Աշխարհի ավելի քան 2 մլրդ բնակիչ խմելու մաքուր ջրից օգտվելու հնարավորություն չունի. ՄԱԿ

14:15   18 Հունիս 2019    258

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) և Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) համաշխարհային հանրակցությանը կոչ են արել ավելացնելու ներդրումները ջրամատակարարման, սանիտարիայի և հիգիենայի (ՋՍՀ) ծառայությունների զարգացման բնագավառում՝ վարակիչ իվանդությունների դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հունիսի 18-ին Ժնևում հրապարակված զեկույցում նրանք տագնապով նշում են, որ 2,2 միլիարդ մարդ մաքուր խմելաջրից, 4,2 միլիարդ մարդ՝ պատշաճ մակարդակով սանիտարական ծառայություններից օգտվելու հնարավորություն չունի, իսկ 3 միլիարդը զրկված է տնային պայմաններում ձեռքերն օճառով լվանալու հնարավորությունից:

ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միասին կատարում են Հազարամյակի զարգացման նպատակների կատարման դիտազննում, որոնք վերաբերում են խմելու ջրին և սանիտարիային: Նրանց ներկայիս զեկույցից, որը պատրաստվել Է Դիտազննման համատեղ ծրագրի շրջանակում, պարզ է դառնում, որ, չնայած ՋՍՀ-ից օգտվելու մարդկության ունիվերսալ հնարավորության էական առաջընթացին, տակավին «վիթխարի խնդիրներ գոյություն ունեն մատուցվող ծառայությունների որակի հարցում»:

Զեկույցի համաձայն՝ 2000 թվականից 1,8 միլարդ մարդ ստացել է ջրամատակարարման հիմնական ծառայություններից, 2 միլիարդը՝ սանիտարական ծառայություններից օգտվելու հնարավորություն: Միևնույն ժամանակ գոյություն ունի «ընդգրկուն անհավասարություն այդ ծառայությունների մատչելիության, առկայության և որակի հարցում»:

ՄԱԿ-ի գնահատումներով՝ 785 միլիոն մարդ բազային ծառայություններ չունի ջրամատակարարման ոլորտում, նրանցից 144 միլիոնը հարկադրված է ջուր խմել գետերից, լճերից և այլ ջրահոսքերից և ջրավազաններից, որոնք չեն ենթարկվում վարակազերծման: Իր տանը ձեռքերն օճառով լվանալու հնարավորություն չունի 3 միլիարդ մարդ, նշում են ԱՀԿ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

Ամենաքիչ զարգացած երկրներում այդ հնարավորությունից զրկված է բնակչության գրեթե երեք քառորդը: Զեկույցում ասված է, որ տարեկան մինչև հինգ տարեկան շուրջ 297 հազար երեխա է մահանում փորլուծից, որը պատշաճ սանիտարիայի և հիգիենայի բացակայության հետևանք է:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները