Ուկրաինան կբացի ԽՍՀՄ հատուկ ծառայությունների գաղտնի արխիվները

19:21   25 Հունիս 2019    251

Ուկրաինայի քաղաքացիները Խորհրդային Միության հատուկ ծառայությունների գաղտնի արխիվներ մուտք գործելու հնարավորություն կստանան:

1917-1991թթ. փաստաթղթերը կպահվեն Կիևի առանձին արխիվային հաստատությունում, գրում է tass.ru-ն: Նշվում է, որ մինչ այդ գաղտնի արխիվները պահվել են ուկրաինացի ուժայինների արխիվների հետ, այժմ դրանք կտեղավորեն Ազգային բանկի նախկին շենքերից մեկում:

«Մուտք գործելու համար բավական է միայն դիմում և անձնագիր, թղթային քաշքշուկներ չեն լինի»,- վստահեցրել է Ուկրաինայի ազգային հիշատակի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Վյատրովիչը: Ինստիտուտը նման որոշումն անվանել է ապակոմունիզացման հերթական փուլ:

2015թ.-ի մայիսին Ուկրաինայում ապակոմունիզացման մասին օրենքների փաթեթ էր ընդունվել, որով դատապարտվում է կոմունիստական հասարակարգը, արգելվում է խորհրդային սիմվոլիկան: Ընդունված փաստաթղթերի շարքում է նաև 1917-1991թթ. կոմունիստական տոտալիտար վարչակարգի ռեպրեսիվ մարմինների արխիվները բացելու մասին օրենքը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ուկրաինա   ԽՍՀՄ  


Վերնագիրի այլ պիտակները