Վրաստանում ցույցերի ժամանակ ձերբակալված ևս 55 մարդ է ազատ արձակվել

10:40   26 Հունիս 2019    226

Թբիլիսիի վերաքննիչ դատարանը բավարարել է Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալված և ստորին ատյանի դատարանի կողմից 12-օրյա կալանքի դատապարտված 61-ից 55 մարդու ազատ արձակվելու պահանջը, գրում է Hayatsk.info-ն՝ դատարանի մամուլի ծառայությանը հղումով:

Հաղորդվում է, որ Վերաքննիչ դատարանին ընդհանուր առմամբ 61 դիմում է ներկայացվել: Որոշ դիմումների մասով դատարանը հաստատել է ձերբակալվածների կողմից վարչական իրավախախտումների փաստերը, սակայն կրճատել է պատժի ժամկետը, որոշ բողոքներ էլ անթույլատրելի է համարել և չի քննել:

Ավելի վաղ Վերաքննիչ դատարանն ազատ էր արձակել ևս 57 մարդու: Հիշեցնենք, որ կալանքի տակ պահվող ցուցարարներին ազատ արձակելը երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիայի հրաժարականի հետ միասին Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, արդեն մի քանի օր շարունակվող հավաքների մասնակիցների հիմնական պահանջներից է:

Թբիլիսիում բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 121 մարդ 12-օրյա կալանքի է դատապարտվել: Հունիսի 20-21-ին Վրաստանի մայրաքաղաքում 305 ցուցարար էր ձերբակալվել, շուրջ 240-ը տուժել էին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները