Բողոքի ակցիա՝ Երևանի Գլինկա փողոցում. VIDEO

16:19   26 Հունիս 2019    671

Երևանի Էրեբունի վարչական շրջանի Գլինկա փողոցի բնակիչները աղբամաններով ու քարերով փակել էին փողոցն ու պահանջում էին Գլինկա փողոցում կառուցել արհեստական անհարթություն ու տեղադրել արագաչափ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Բնակիչներից մեկի խոսքով՝ մեքենաներն այս փողոցով սլանում են բարձր արագությամբ. արդեն իսկ մի քանի անգամ վրաերթ են արել բնակիչներից մի քանիսին, լինում են նաև մեծ թվով վթարներ: Վերջին դեպքը երեկ էր:

«Աղբամանը դիմացի մայթին է, չենք կարողանում, վախենում ենք անցնել, թափել աղբը: Քանի անգամ ես ինքս վրաերթի ենթարկվելուց եմ խուսափել:

Ինչքա՞ն կարելի է, ես ի վիճակի չեմ վազելով անցնել փողոցը: Ամեն վայրկյան մեքենաները մեզ կարող են վրաերթի ենթարկել: Կարելի է, չէ՞, մեր մասին հոգալ:

Մենք ուզում ենք, որ արհեստական անհարթության միջոցով դանդաղեցնեն երթևեկությունը և արագաչափ տեղադրեն, քանի որ այս փողոցում ոչ ոք սահմանված արագությունը չի պահպանում»,-ասաց բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ 3 տարիների ընթացքում բազմիցս դիմել են պատկան մարմիններին, Երևանի քաղաքապետարանին: Հեղափոխությունից հետո ևս դիմել են քաղաքապետարանի համապատասխան վարչություն, սակայն նրանց պատասխանել են, որ նպատակահարմար չեն գտնում այդ հատվածում արհեստական անհարթություն կառուցել:

Նշենք, որ բողոքի ակցիայի ընթացքում թե՛ ոստիկանությունից, թե՛ քաղաքապետարանից և թե՛ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարությունից որևէ մեկը չհանդիպեց բողոքի ցույց իրականացնողներին:



Hayatsk.info

Հեշթեգներ: Հայաստան  


Վերնագիրի այլ պիտակները