ՌԴ Պետդումայից հայտնել են, որ ՌԴ-ը պատրաստ է Վրաստանի նկատմամբ սահմանափակումների փուլային չեղարկմանը

20:48   15 Հուլիս 2019    219

Ռուսաստանը պատրաստ է փուլ առ փուլ չեղարկել Վրաստանի նկատմամբ սահմանված սահմանափակումներն այն պայմանով, որ այդ երկիրը նույնպես պատրաստ լինի համագործակցության:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով РИА Новости-ին, այս մասին «Վրաստանի հայրենասերների դաշինքի» պատգամավորների հետ հանդիպումնից հետո հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

Նա ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է բարելավել համագործակցությունը, եթե Թբիլիսին նույնպես նման հայացքներ դրսևորի: Ռուսաստանի և Վրաստանի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերությունները սառեցվել էին 2008թ.-ին Մոսկվայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների շրջափակումից հետո: Դրանից ի վեր երկու երկրների միջև երկխոսությունն ընթանում է Ժնևյան քննարկումների շրջանակներում:

Հիշեցնենք, որ ռուս-վրացական հարաբերությունները կտրուկ սրվել էին հունիսի 20-ից հետո, երբ ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին, նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: Դրան մայրաքաղաք Թբիլիսիում բողոքի զանգվածային ցույցեր էին հետևել, որոնց ընթացքում 240 ցուցարար էր տուժել, 305-ը ձերբակալվել էին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել էր Ռուսաստանին երկրի ներսում պառակտում ստեղծելու փորձի համար, ինչին ի պատասխան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման էր ստորագրել, ըստ որի՝ հուլիսի 8-ից դադարեցվել են Ռուսաստանից Վրաստան ուղևորատար չվերթները, ինչպես նաև վրացական ավիաընկերություններին արգելվել է մուտք գործել Ռուսաստանի տարածք: Ռուսական կողմը խորհուրդ է տվել օպերատորներին և զբոսաշրջային գործակալություններին իր քաղաքացիներին դեպի Վրաստան տուր-փաթեթներ չվաճառել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ռուսաստան   Վրաստան  


Վերնագիրի այլ պիտակները