Բիլ Գեյթսն աշխարհի միլիարդատերերի ցուցակում զիջել է դիրքերը՝ առաջին անգամ հայտնվելով 3-րդ հորիզոնականում

14:06   17 Հուլիս 2019    220

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg գործակալության միլիարդատերերի ցուցչի գոյության 7 տարիների ընթացքում առաջին անգամ հայտնվել է 3-րդ հորիզոնականում:

Մինչ այդ նա կա՛մ գլխավորել է աշխարհի միլիարդատերերի ցանկը, կա՛մ հայտնվել է 2-րդ հորիզոնականում:

Ամեն օր թարմացվող աղյուսակի երկրորդ հորիզոնականում ներկա պահին ֆրանսիացի գործարար, Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն է, որն առաջ է անցել Գեյթսից:

Գործակալությունը գրում է, որ թանկարժեք իրերի արտադրությամբ զբաղվող Louis Vuitton Moët Hennessy ընկերությունը Փարիզում ռեկորդային մակարդակի է հասել և իր զուտ արժեքը 107,6 մլրդ դոլարի հասցրել՝ ավելի քան 200 մլն դոլարով գերազանցելով Microsoft-ի հիմնադրին, ընդ որում՝ անցած ամիս Առնոն առաջին անգամ ընդգրկվել է միլիարդատերերի եռյակում:

Առաջին հորիզոնականում 125 մլրդ դոլար կարողությամբ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսն է:

Գործակալությունն ընդգծում է, որ Գեյթսը կշարունակեր աշխարհի ամենահարուստ մարդը լինել, եթե բարեգործական գործունեությամբ չզբաղվեր: Նա ավելի քան 35 մլրդ դոլար է նվիրաբերել Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամին:

Ինչ վերաբերում է Բեզոսին՝ այս տարի նրա ակտիվների զուտ արժեքը 125 մլրդ դոլարի է հասել՝ անգամ նախկին կնոջից՝ Մաքքենզի Բեզոսից ամուսնալուծությունից հետո, ինչի արդյունքում վերջինս աշխարհի 4-րդ ամենահարուստ կինն է դարձել:

Bloomberg գործակալության միլիարդատերերի ցուցիչը հիմնվում է այն ընկերությունների բաժնետոմսերի արժեքի վրա, որոնցում միլիարդատերերը գործունեություն են ծավալում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիլ-Գեյթս  


Վերնագիրի այլ պիտակները