«F-35 ծրագրից Թուրքիայի բացառումը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի վրա». Թուրքիայի ՊՆ

19:21   19 Հուլիս 2019    307

Ամերիկյան F-35 ծրագրից Թուրքիայի բացառումը բացասաբար կանդրադառնա ՆԱՏՕ-ի վրա, գրում են թուրքական լրատվամիջոցները՝ երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին հղումով:

Աքարը կոչ է արել Վաշինգտոնին Թուրքիայի մասով որոշումներ կայացնելիս ավելի պատասխանատու գտնվել: Ավելի վաղ Պենտագոնի ղեկավարի գնումների ու թիկունքային ապահովության գծով տեղակալ Էլեն Լորդը հայտարարել էր, որ F-35 ծրագրին Թուրքիայի մասնակցությունը վերջնականապես կդադարեցվի 2020թ.-ի մարտին, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նման որոշման պատճառ է դարձել Թուրքիային ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարումը, որը սկսվել է հուլիսի 12-ին և, ըստ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ակնկալիքների, կավարտվի հաջորդ տարվա ապրիլին: Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից միջազգային սկանդալ է հրահրել. Միացյալ Նահանգները պահանջում էր հրաժարվել գործարքից և փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգեր:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև С-400 համակարգերի գնման շուրջ բանակցությունների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2016թ.-ի նոյեմբերին, իսկ վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2017թ.-ի սեպտեմբերին, ընդ որում՝ ձեռք բերված զենիթահրթիռային 4 միավոր համակարգերի արժեքը 2,5 մլրդ դոլար է կազմել: Չնայած ԱՄՆ-ի սպառնալիքներին՝ Էրդողանը C-400 համակարգերի մատակարարման գործարքը Ռուսաստանի հետ երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիրն է անվանել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Թուրքիա   F-35  


Վերնագիրի այլ պիտակները