Նոր Զելանդիայի բնակիչները ինքնակամ հանձնել են ավելի քան 10 հազար միավոր զենք

18:02   12 Օգոստոս 2019    237

Նոր Զելանդիայի բնակիչները զենքի գնման կառավարական ծրագրի ընթացքում հանձնել են ավելի քան 10 հազար միավոր հրազեն, որոնց վրա արգելք էր տարածվում Քրայսթչերչում մարտի 15-ի ահաբեկչություններից հետո, հայտնում է CNN-ն:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ ծրագրի իրականացման առաջին ամսում նորզելանդական ոստիկանությունը անցկացրել է կիսաինքնաձիգ զենքի, գրոհային հրացանների եւ դրանց ռազմամթերքի հավաքման 90-ից ավելի հանրային միջոցառում: Այս ընթացքում զենքի ավելի քան 7 հազար տերեր հանձնել են 10,2 հազար միավոր զենք՝ ստանալով փոխհատուցում, որի չափը կախված էր զենքի տեսակց եւ վիճակից: հաղորդվում է նաեւ, որ եւս 1,2 հազար մարդ ոստիկանությանն է հանձնել ապօրինի ձեռք բերած զենքը, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ծրագրի պայմանների համաձայն՝ այս դեպքում դրա արժեքի փոխհատուցում չի վճարվում, սակայն նա ազատվում է արգելված զենք ապօրինի պահելու համար պատասխանատվությունից: Ընթացիկ տարվա մարտի 15-ին Քրայսթչերչի մզկիթներում ահաբեկչություններից հետո Նոր Զելանդիայում արգելվել էր կիսաինքնաձիգ զենք, գրոհային հրացաններ, ինչպես նաեւ դրանց մասեր ու ռազմամթերք պահելը: Արգելքի խախտման համար նախատաեսված էր մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկում: Արգելված զենքի գնման կառավարական ծրագիրը մեկնարկել է հուլիսի 12-ին եւ կտեւի մինչեւ ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը: Դրա իրականացման համար իշխանությունները մտադիր են ծախսել շուրջ 200 մլն նորզելանդական դոլար (129,9 մլն դոլար):

Մարտի 15-ին հարձակումներ էին կատարվել Քրայսթչերչի երկու մզկիթների վրա, որոնց հետեւանքով զոհվել էր 51 մարդ, եւս 50-ը՝ վիրավորվել: Հարձակվողին՝ 28-ամյա ավստրալացի Բրենթոն Թարանտային առաջադրվել էին սպանության, սպանության փորձի եւ ահաբեկչության իրագործման մեղադրանքներ, սակայն նա դատարանում հայտարարել էր, որ մեղավոր չէ այդ հանցագործությունների մեջ: Այս գործով դատավարությունը կշարունակվի 2020 թվականի մայիսի 4-ին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա   Աշխարհ  


Վերնագիրի այլ պիտակները