Հնարավոր է՝ Պակիստանը Աֆղանստանի սահմանից զորքերը տեղափոխի Հնդկաստանի սահման

12:59   14 Օգոստոս 2019    163

Հնարավոր է՝ Պակիստանը Աֆղանստանի սահմանից զորքերը տեղափոխի իր արեւելյան սահման՝ կապված Ջամու եւ Քաշմիր նահանգի հատուկ սահմանադրական կարգավիճակը չեղարկելու Հնդկաստանի որոշման հետ:

Երեկ The New York Times պարբերականը հայտնել էր, որ պարբերականի խմբագրի հետ զրույցում այդպիսի հնարավորությունը չէր բացառել ԱՄՆ-ում Պակիստանի դեսպան Ասադ Մաջիդ Խանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Եթե արեւելյան սահմանին իրավիճակը սրվի, ապա մենք ստիպված կլինենք իրականացնել զորքերի տեղափոխումը,- հայտարարել էր նա: - Այս պահին մեր մտահոգությունն է միայն այն, թե ինչ է տեղի ունենում մեր արեւելյան սահմանին»:

Այս կապակցությամբ պարբերականը նշել էր, որ Քաշմիրի պատճառով Պակիստանի եւ Հնդկաստանի հարաբերությունների լարվածության պայմաններում աֆղանական սահմանից պակիստանյան զորքերի տեղափոխման հնարավորությունը կարող է նոր տարր մտցնել [թալիբների հետ] խաղաղ բանակցություններում, որոնք, ենթադրաբար, եզրափակիչ փուլում են եւ պետք է դադարեցնեն Աֆղանստանում գրեթե 2 տասնամյակ տեւած ամերիկան ռազմական միջամտությունը:

Ավելի վաղ ԱՄՆ Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադը արդյունավետ էր անվանել Վաշինգտոնի եւ «Թալիբան» արմատական շարժման միջեւ բանակցությունները, որի 8-րդ փուլն ավարտվել է երկուշաբթի Կատարի մայրաքաղաք Դոհայում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Պակիստան   Աֆղանստան   Հնդկաստան  


Վերնագիրի այլ պիտակները